Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչ Վահան Յարալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 19-ին, ժամը 14-ի սահմաններում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Կողբ գյուղի առանձնատներից մեկի երկրորդ հարկի մուտքի դռանը կից ձախակողմյան լուսամուտի ապակին կոտրելու միջոցով մուտք է գործել համագյուղացու տուն, որտեղից գողացել է 42 հազար դրամ արժողությամբ ակորդեոն եւ ընդհանուր 41 հազար 800 դրամ արժողությամբ 20 հատ օգտագործված հագուստ՝ պատճառելով 83 հազար 800 դրամի գույքային վնաս:
Վ. Յարալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով («Գողությունը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեր տեղեկություններով՝ Վ. Յարալյանը նախկինում դատված է:
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի` Վ. Յարալյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է հոկտեմբերի 2-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ