Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:
Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծեց, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշեց, որ նման ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել Արոնյանին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր շնորհավորանքներն ուղղեց նորապսակ զույգին՝ մաղթելով, որ Աստված ուղեկից լինի նրանց և պարգևի մշտական հաղթանակներ անձնական կյանքում և շախմատի ոլորտում:
Իր հերթին Լևոն Արոնյանը, շնորհակալություն հայտնելով հայրապետական գնահատանքի համար, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց առաջիկա մրցույթների մասին։ Խոսելով արձանագրած հաջողությունների մասին՝ գրոսմայստերը շեշտեց, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ ևս վերադարձնել հաղթանակների տեսքով։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական կենտրոն