Այսօր Վանաձորի օրն է: Հանրապետության 3-րդ քաղաքի տոնն այս տարի նշվեց մեծ շուքով: «Բարեկամության քաղաք» խորագիրը կրող միջոցառումների շարքը սկսվեց վաղ առավոտից: Վանաձորի օրվա տոնակատարությանը մասնակցում էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը նախ ոտքով շրջեց քաղաքում, եղավ այն վայրերում, որոնք նախատեսվում են առաջիկայում դարձնել զբոսաշրջային կենտրոններ:
«Վանաձորը միայն արդյունաբերական քաղաք չէ: Վանաձորը հայտնի է եղել նաեւ, որպես ճամբարների ու ընտանեկան հանգստի քաղաք: Իհարկե, այն դեռ մշակված չի, բայց Վանաձորի տեսլականը մենք տեսնում ենք, որպես ընտանեկան հանգստի քաղաք: Մենք ամբողջ Հայաստանը բրենդավորում եք, եւ կոչվում է «Մի կտոր երազի երկրից» եւ Վանաձորն էլ է մտնում «Մի կտոր երազի երկրից»: Ես վարչապետին ներկայացրել եմ, եւ հոկտեմբերի 16-ին էլ ճարտարապետների խմբի հետ կներկայացնենք նախագիծը, թե ինչպես ենք պատկերացնում Վանաձորը՝ էտապ առ էտապ»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարինե Զեյթունցյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը եղավ ծրագրի մեջ ներառված տարածքներում: Տարածը կառավարության ղեկավարին դուր եկավ, վերջինս ուշադրություն էր դարձնում նաեւ այդ տարածքների մաքրությանը:
-Մամիկոն, շաբաթօրյակ դուք քանի անգամ արել եք, չէ՞: Այստեղ շաբաթօրյակ արա՞ծ է,- հետաքրքրվեց վարչապետը:
-Էս իրենց (վարձակալների) տարածքն է, անում են,- պատասխանեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
Վերջինիս պատասխանը դուր չեկավ Կարեն Կարապետյանին. «Այ ցավդ տանեմ, բա ինձ հետաքրքի՞ր ա, թե ում տարածքն է»:
Այնուհետեւ Կարեն Կարապետյանը տեղական ու մարզային իշխանությունների ուղեկցությամբ ոտքով անցավ Թումանյան փողոցը, եղավ նաեւ Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում: Այստեղ նա ծանոթացավ թանգարանի անմխիթար պայմաններին:
Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասում է, որ առաջիկայում նախատեսվում է Վանաձորում 3 ծրագրի մեկնարկ. «Եւ՛ թերություններ արձանագրեցինք, եւ՛ ապագայի ծրագրեր կազմեցինք: Միտված ենք այդ ծրագրերին կյանք, կենդանություն ու շունչ տալու: Եւ՛ քաղաքացիներս, եւ՛ պատկան մարմիններս պետք է այս քաղաքի նկատմամբ խնամատար վերաբերմունք ունենանք: 3 ծրագիր ունենք: Մեկը՝ տուրիստական երթուղի է լինելու: Ուզում ենք նաեւ այնպես անել, որ Վանաձորի հին գործարանների հիմքի վրա զարգանա ինդուստրիալ տուրիզմը: Այժմ աշխատում ենք նաեւ այն ծրագրերի վրա, որ այնպես անենք, որպեսզի խորհրդային միությունից մնացած գործարանները մտնեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆոնդ»:
Տոնական օրվա կեսին լոռեցիներն ու հյուրերը Թումանյան հրապարակից «Բարեկամության երթով» շարժվեցին դեպքի Հայքի հրապարակ: Ինչպես միշտ, այսօր էլ վարչապետի հետ նկարվել ցանկացողների ու նամակ հանձնողների թիվը քիչ չէր: Կարեն Կարապետյանին նամակ հանձնեցին նաեւ «Վանաձոր-քիմպրոմ»-ի աշխատակիցները:
-2011 թվականի 4 ամսվա փողը չեն տալիս, կերել են: Մենք էլ խնդրում ենք, որ տան: Արդեն 3-րդ անգամ նամակ ենք բերել, որ տանք վարչապետին: Տեսնենք ինչ պատասխան է մեզ տալու: Վերջը մնում է, որ գնանք Ռուսաստան,- սրտնեղած ասում է նախկին աշխատակից Սամվել Խեչիկյանը:
Տոնական օրը եզրափակվեց Ռեինկարնացիայի համերգով ու հրավառությամբ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Հետաքրքիր է, որ Նախագահի Սյունիք այցելությունը ներկայացնում եք չոր ու ցամաք, իսկ վարչապետի Վանաձոր այցելությունը սենց ճոխ…