Հոկտեմբերի 7-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կայացավ աշխարհի գեղեցկագույն սոպրանոներից մեկի՝ «Գրեմմիի» քառակի մրցանակակիր Ռենե Ֆլեմինգի մենահամերգը: Նա հանդես եկավ Ազգային օպերային թատրոնում՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի հետ` մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Համերգն անցավ բավականին ջերմ մթնոլորտում, Ռենե Ֆլեմինգը սիրեց հայ ունկնդրին, ունկնդիրն էլ «բաց չէր թողնում» երգչուհուն: Համերգի ծրագիրը բազմազան էր՝Օֆենբախից մինչեւ Վերդի, Դոնիցետիից՝ Դվորժակ:
Ռենե Ֆլեմինգն ասաց, որ ուրախ է հանդես գալ օպերային թատրոնի գեղեցիկ դահլիճում, Կոնստանտին Օրբելյանի նման մաեստրոյի ղեկավարությամբ ու հրաշալի նվագախմբի ընկերակցությամբ: Նա այնքան ոգեւորված էր դահլիճի ջերմությամբ, որ ծրագրից դուրս մի քանի կատարում էլ նվիրեց՝ Summertime-ից մինչեւ «Ավե Մարիա»:
Ֆլեմինգն ասաց, որ այցելել է Հայաստանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, պատմական վայրեր եւ հավելեց, որ «Ավե Մարիան» նվիրում է ինչպես պատմության ընթացքում եղած, այնպես էլ Լաս Վեգասի ահաբեկչության զոհերին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ