Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին:
Հանրապետության Նախագահը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին:
Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվել են ժողովրդական տոնախմբությամբ, երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձևերում մրցույթներով:
Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Հանրապետության Նախագահն այցելել է Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ:
Հանրապետության Նախագահը Գորիսում ծանոթացել է նաև հիմնանորոգվող «Գորիս» հյուրանոցի պայմաններին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն