«Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին Ջոն Մալկովիչի մասնակցությամբ։ Դա մեծ ձեռքբերում է։ Կան մարդիկ, ծրագրեր, որոնց հետևում է ամբողջ աշխարհը։ Հոկտեմբերի 11-ի համերգը հենց այդպիսին է լինելու։ Շատ երկար ժամանակ համատեղ աշխատել ենք այս նախագծի վրա։ Պրեմիերան կայացել է Սեուլում երկու տարի առաջ, և շատ հպարտ եմ, որ այն այսօր արդեն ներկայացվում է Երևանում»,- Խաչատրյանի փառատոնի մեկնարկին նվիրված ասուլիսում ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնի բացման համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։ Փառատոնի բացման համերգին կհնչի նաև Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիան լարայինների և գոսերի համար։ Նշենք, որ Ջոն Մալկովիչի երևանյան բացառիկ համերգի պաշտոնական գործընկերն է լեգենդար Արարատ հայկական կոնյակը:
Խոսելով Մալկովիչի հետ համատեղ աշխատանքի մասին՝ Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ նա անհավանական մեծ էներգետիկ, ուժեղ, բարի լիցքեր հաղորդող դաշտ ունի։
Սերգեյ Սմբատյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին նվիրված փառատոնի ընթացքում կկայանան սիմֆոնիկ և կամերային համերգներ, կլինեն համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ: Անդրադառնալով խաչատրյանական փառատոնի 5-ամյա պատմությանը՝ դիրիժորն ասաց, որ այս ընթացքում 40 արտիստ է եկել Հայաստան, կայացել է ավելի քան 15 համաշխարհային պրեմիերա:
Ըստ մաեստրո Սմբատյանի՝ փառատոնը միավորում է նաև Հայաստանում գործող այլ կոլեկտիվների։ Փառատոնային համերգների ընթացքում կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, ՙԽաչատրյանը և ջազը՚ համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը և այլք։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ փառատոնի համերգային ծրագրերը փոխկապակցված են, կլինեն նորարարական նախագծեր։
Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ