Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Վանաձորի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: «Բարեկամության երթ» միջոցառման շրջանակում վարչապետ Կարապետյանը դիտել է Վանաձորի քույր քաղաքների մշակույթն ու կոլորիտը ներկայացնող գեղարվեստական համարները, այցելել Վանաձորի կերպարվեստի թանգարան, ներկա գտնվել Թումանյանի հրապարակում կազմակերպված տոնական համերգին, զրուցել վանաձորցիների հետ և շնորհավորել նրանց քաղաքի օրվա առթիվ:
Այցի շրջանակում վարչապետ Կարապետյանը նաև ներկա է գտնվել իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից Լոռու մարզում կառուցվող գործարանների հիմնարկեքի արարողությանը: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է կոմպոզիտային բալոնների արտադրությամբ զբաղվող «Ռադ Սանե Վաշամիր» միջազգային ինդուստրիալ ընկերությունը, որը գործունեություն է ծավալում Թուրքիայում, Թաիլանդում և Ռուսաստանի Դաշնությունում: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն Լոռու մարզում նախատեսում է ներդրումային ծրագիր իրականացնել։ Ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 130 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը (ենթակառուցվածքների հետ միասին)՝ մինչև 2000 մարդ: Ներդրումները նախատեսվում են 3 ուղղությամբ՝ կոմպոզիտային բալոնների, կարբոնի մանրաթելի արտադրությամբ զբաղվող գործարանների հիմնում և ագրոհամալիրի կառուցում: Կոմպոզիտային բալոնների արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. ապրիլին, ներդրումների ծավալը կազմում է 20 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 100 մարդ: Կարբոնի արտադրության գործարանի կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել 2017 թ. հոկտեմբերին, ավարտել՝ 2018 թ. նոյեմբերին, ներդրումների ծավալը կազմում է 80 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300 մարդ: Իսկ ագրոհամալիրի շրջանակում կառուցվող գործարաններն զբաղվելու են կաթնամթերքի արտադրությամբ (կաթի փոշի, պանիր, կարագ), անասնապահությամբ (մսի (հալալ) արտադրությամբ), մրգերի վերամշակմամբ (մրգերի փոշու արտադրություն), ինչպես նաև կլինի սպանդանոց: Աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. մայիսին, ավարտել՝ 2019 թ. մայիսին, ներդրումների ծավալը կազմում է 30 մլն ԱՄՆ դոլար, աշխատողների թիվը՝ 300-400 մարդ: Վարչապետը ողջունել է իրանական ընկերության կողմից մեր երկրում նման խոշորածավալ ներդրումային ծրագիր իրականացնելու նախաձեռնությունը՝ վստահեցնելով, որ կառավարությունը շահագրգռված է դրա հաջող իրականացմամբ և պատրաստ է ցանկացած հարցով աջակցել:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի «Թթու ջուր» կոչվող տարածք և ծանոթացել այն զբոսաշրջային առումով գրավիչ հանգստյան գոտի դարձնելու ներդրումային ծրագրի վերաբերյալ մշակված առաջարկություններին: Վարչապետին զեկուցվել է, որ նախատեսվում է «Թթու ջուր» հանգստյան գոտու ու Բոշյան փողոցի բարեկարգում, Բոշյան փողոցում հասարակական սպասարկման օբյեկտի կառուցում և արգելոց հնավայրի հիմնում: Կարեն Կարապետյանը կարևորել է համակարգված աշխատանքների իրականացումը՝ ներդրողներ ներգրավելու և բիզնես ծրագիրն իրականացնելու համար:
Վարչապետի վանաձորյան այցի հաջորդ կանգառը նախկին «ԶԱԳՍ»-ի շենքի տարածքն էր. վարչապետը ծանոթացել է այստեղ ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններին և պատասխանատուների հետ քննարկել դրան վերաբերող հարցեր: Այստեղից կառավարության ղեկավարը քայլել է դեպի Վանաձորի Թումանյան հրապարակ, ծանոթացել քաղաքում աղբահանության և մաքրության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Վարչապետը հորդորել է Վանաձորի քաղաքապետին՝ ավելի հետևողական լինել քաղաքի մաքրության պահպանման հարցում և արդյունավետ կազմակերպել աղբահանությունը:
Այցի ավարտին Կարեն Կարապետյանը եղել է նաև քաղաքի «Մոր և մանկան այգում», ծանոթացել կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքներին:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն