Հայաստանի տարածքում շարունակվում են ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունները: Այսօր «Որոնում 2017»-ում հետախուզության ուժերի և միջոցների կիրառման փուլն էր: Հետախուզական ստորաբաժանումները պայմանական հակառակորդի տարածքում իրականացրեցին մարտական առաջադրանքներ՝ հայտնաբերելով եւ ոչնչացնելով վերջինիս ռազմավարական նշանակության օբյեկտները:
Մարտական առաջադրանքների թվում էր մասնավորապես հակառակորդի՝ օդուժի կառավարման կենտրոնի եւ հետախուզադիվերսիոն խմբերի ոչնչացումը: Գործողություններն իրականացվում էին անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
«Սա նախերգանքն է հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք ՀԱՊԿ «Մարտական եղբայրության 2017» զորավարժությանը, այդ նպատակով էլ այսօր դիտարկում ենք հետախուզական ստորաբաժանումների գործունեությունը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք, որ զորավարժությունների արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի 13-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ