Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերը (#EUSportsFest):
Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է նպաստել առողջ և ակտիվ կենսակերպին, խթանել տարբեր տարիքի մարդկանց զանազան մրցաշարերում մասնակցությունը, ինչպես նաև նպաստել Հայաստանում սպորտային տուրիզմի զարգացմանը:
#EUSportsFest մրցաշարերից երկուսը՝ ընտանեկան գոլֆի փառատոնն ու մինի-գոլֆի ընտանեկան մրցաշարը, կմեկնարկեն ու կանցկացվեն հոկտեմբերի 7-ից 22-ը, իսկ 2017-ի հոկտեմբերի 8-ին կանցկացվի լեռնային հեծանվավազք՝ նախատեսված երեխաների և մեծահասակների համար:
#EUSportsFest-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 7-ին ԱՐԱՐԱՏ ՎԱԼԻ ՔԱՆԹՐԻ ՔԼԱԲ-ում: Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Դեսպանն իր ելույթում նշեց. «Այսօր մենք սպորտի եվրոպական օրերն անցկացնելով` ամուր կամուրջ ենք կառուցում Հայաստանի և եվրոպական մյուս երկրների միջև: Այս տարի Եվրոպայի սպորտի շաբաթվա շրջանակում եվրոպական միության կողմից կազմակերպվող միջոցառումների համատեքստում ամբողջ Եվրոպայում ավելի քան 15 միլիոն մարդ է մասնակցել տարբեր մարզական միջոցառումներին»:
Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանի ազգային գոլֆի ասոցացիայի, ՀԱԳԱ գոլֆի ակադեմիայի, Արարատ վալլի քաղաքամերձ ակումբի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» հետ համագործակցությամբ:
Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է վերահաստատել, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում առողջ և ակտիվ կենսակերպի ու սպորտային տուրիզմի զարգացմանը:
ԵՄ պատվիրակություն Հայաստանում
Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժին