Մայրաքաղաքը մաքրելու ու քաղաքին պատշաճ տեսք հաղորդելու նպատակով վաղ առավոտյան մեկնարկած նախատոնական համաքաղաքային շաբաթօրյակը սկսվել է սանմաքրման աշխատանքների մասնակիցներին ձեռնոցներով, պարկերով, բահերով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու միջոցառմամբ: Առավել դժվարամատչելի տեղանքները մաքրելու նպատակով օգտագործվել է նաև ծանր տեխնիկա:
Մաքրվել են ընդհանուր օգտագործման տարածքները, այգիները, պուրակները, բակերն ու միջբակային տարածությունները, այդ թվում՝ շինարարական աղբով լցված տարածքները: Հատուկ ուշադրություն է դարձվել «Մաքուր Երևան» ծրագրով նախատեսված՝ օգտատերերի կողմից նշված հասցեների մաքրմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով՝ շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 81 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 375 տոննա կենցաղային և շինարարական աղբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն