Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայրաքաղաք Երևանում ներկա գտնվեց ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2010 թվականի մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միասնական աղոթքով:
Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը և եկեղեցու բարերար Արա Աբրահամյանը: Աղ ու հացի արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը մուտք գործեց եկեղեցի: Վեհափառ Հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, գավազանակիր Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:
Լեոնիդ եպիսկոպոսը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոգևոր դասի հետ կատարելով օծումը, արարողության ավարտին իր խոսքն ուղղեց ներկաներին` շնորհավորելով տաճարի օծման առիթով: Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` արարողությանը նրա օրհնաբեր ներկայության համար, որից հետո հրավիրեց Նորին Սրբությանն իր պատգամը փոխանցելու ժողովրդին:
Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց ռուս ժողովրդի հայաստանաբնակ զավակների հոգևոր կյանքում այս նշանակալի իրադարձության առիթով: «Դեպի երկինք իր գմբեթները պարզած այս տաճարը արտահայտությունն է Հայաստան աշխարհում հոգևոր կյանքի վերազարթոնքի, դրսևորումը հոգևոր-բարոյական արժեքների հանդեպ հավատարմության և վկան հոգևոր կարիքների նկատմամբ հայրենի իշխանությունների ուշադրության:
Յուրաքանչյուր նորակառույց սրբազան տաճար իբրև տուն աղոթքի, իր շուրջը համախմբելով հավատացելոց և կազմակերպելով նրանց ծխական կյանքը, դառնում է նախ և առաջ ջինջ ակունք աստվածային շնորհի և ողորմության, դեպի հավիտենական կյանք և Աստծո արքայություն առաջնորդող մի տերունապարգև ճանապարհ: Եվ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կյանքում, այնքան բազմանում է Աստծո ներկայությունը մեզանում` երկնառաք օրհնությամբ, հավատի բարի գործերով և սիրո, համերաշխության ու հանդուրժողականության մշտահունչ պատգամով:
Սիրելիներ, այս եկեղեցին վկայությունն է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրության, դավանած ընդհանրական արժեքների, պատմության մեջ համատեղ արձանագրած փառավոր ու դժվարին էջերի և այսօրվա գործակցության: Այն քարակերտ արտահայտությունն է Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Քույր եկեղեցիների սերտ բարեկամության, որի պտուղն են նաև խաղաղության պայմաններում հայոց հողում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացած այլ եկեղեցիներ և մատուռներ», – ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր շնորհավորանքները հղեց Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին, նաև շնորհավորեց Լեոնիդ եպիսկոպոսին` գնահատելով Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված նրա ջանքերն ու ծրագրերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին` երկու երկրների ու Եկեղեցիների հարաբերությունների սերտացման, ինչպես նաև եկեղեցու կառուցման գործում բերած ներդրումի համար: Հայրապետական օրհնություն փոխանցվեց նաև եկեղեցու ռուսաստանաբնակ բարերար Արա Աբրահամյանին:
Վերջում վերստին շնորհավորելով Քույր Եկեղեցու բարեպաշտ զավակներին` Նորին Սրբությունն աղոթք բարձացրեց առ Աստված` հայցելով Ամենողորմ Աստծո հովանին հավատակից մեր երկու բարեկամ ժողովուրդներին, Հայաստանի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը: Հայոց Հովվապետը մաղթեց, որ Տիրոջ առատ շնորհներով ու օրհնությամբ միշտ պտղաբերի Ռուս Ուղղափառ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցիների գործակցությունը:
Օծման առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորակառույց տաճարին նվիրեց Տիրոջ խաչելության պատկեր:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի