06.10.2017թ.ք.Երևան
2017 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի 4-րդ համագումարը:
Համագումարին մասնակցում էին ՀԱՄԿ-ի կազմում գործող 19 ճյուղային հանրապետական միությունների կողմից ընտրված 110 պատվիրակ:
ՀԱՄԿ-ի համագումարին հրավիրված էին ՀՀ կառավարության ներկայացուցիչը, Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղարի տեղակալ Նատալյա Պոդշիբյակինան, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Լեռնային Ղարաբաղի Արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչը:
Համագումարի օրակարգում ներառված էր ՀԱՄԿ-ի ղեկավար մարմինների կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, ՀԱՄԿ-ի 2017-2022 թթ. գործունեության ծրագիրը և վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կազմում գործում են 19 ճյուղային հանրապետական միություն, արհմիութենական կազմակերպություններ՝ 657, 190 հազար արհմիության անդամներով:
Համագումարում հաշվետվությամբ հանդես եկավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա նշեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան անդամ ճյուղային հանրապետական միությունների հետ միասին հիմք ընդունելով «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքը և ՀԱՄԿ-ի գործունեության 2012-2017 թթ. ծրագիրը՝ հաշվետու ժամանակաշրջանում իր գործունեությունը նպատակաուղղել է արհմիությունների դերի բարձրացմանը, արհմիութենական շարժման համերաշխությանը, հանդուրժողականության և միասնականության ամրապնդմանը, ինչպես նաև հանրապետությունում աշխատանքի ոլորտում սոցիալական գործընկերության համակարգի կայացմանն ու զարգացմանը, միաժամանակ իր ներկայությունն ապահովելով միջազգային արհմիութենական ընտանիքում:
ՀԱՄԿ-ի նախագահն իր զեկուցման մեջ անդրադարձավ աշխատավորությանը մտահոգողհարցերին: Ըստ նրա՝ մինչ օրս հանրապետությունում բացակայում է նվազագույն աշխատավարձի սահմանման մեխանիզմը, հստակեցված չէ բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմի և բյուջեի չափը, ինչպես նաև աշխատավարձի ինդեքսավորումը կարգավորող օրենքը, որն էլ ավելի է խորացնում աշխատողների օրեցօր ահագնացող սոցիալական ծանր վիճակը: Այս և տարաբնույթ հարցերի կապակցությամբ ՀԱՄԿ-ը բազմիցս դիմել է ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին, հարցազրույցներ տվել ԶԼՄ-ներով:
Համագումարը բաց քվեարկությամբ և միաձայն ՀԱՄԿ-ի նախագահ վերընտրեց Էդուարդ Թումասյանին, նախագահի տեղակալներ՝ Բորիս Խարատյանին և Խաչիկ Առաքելյանին: Ընտրվեցին նաև ղեկավար մարմիններ:
ՀԱՄԿ-ի աշխատակազմի հասարակայնության հետ բաժին