Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոման Բալայանն ու Արմեն Մեդվեդեւը կոչ արեցին քվեարկել Հարություն Խաչատրյանի օգտին (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 07,2017 14:01

Հոկտեմբերի 7-ին բացվեց Հայաստանի կինոգործիչների միության արտահերթ համագումարը: Հայտարարվեց, որ միությունն ունի 187 անդամ, 15-ը գտնվում են արտասահմանում, ներկա էին 145 անդամ, հետեւաբար քվորումն ապահովված էր:

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարտիրոսյանը ներկայացրեց, թե 2013-17 թթ ինչպես է տնօրինվել միության գույքը: Հայտարարվեց, որ կինոգործիչների միությունն ունի 417, 9 քմ գույք եւ 0,36 ՀԱ հողատարածք: Նշվեց, որ պայմանագիր է կնքվել «Շարմ» ընկերության հետ ` 533,1 քմ վարչական տարածքի վարձակալության համար: Սկզբում «Շարմը» վճարել է ամսական 2մլն 665000 դրամ գումար, այնուհետեւ այդ գումարը նվազել է 2 մլն դրամի, իսկ վերջին տարիներին նույն տարածքի համար 1 մլն դրամի:

Վերստուգիչ հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ միության՝ բանկում ավանդադրված դրամական միջոցներն են՝ 108 մլն 200 000 դրամ եւ $400 000: Ի թիվս այլ թվերի, նշվեց, որ միության անդամներին սննդի տեսքով 24 մլն 932 հազար դրամի օգնություն է ցուցաբերվել, հոբելյանների վրա ծախսվել է 3 մլն 460 000, բենզինի համար` 9 մլն 290 000, մեքենաների վերանորոգման համար` 106 մլն 580 000:

Հայտնի են միության նախագահի երեք թեկնածուները` Վահե Գեւորգյանց, Գեւորգ Գեւորգյան եւ Հարություն Խաչատրյան:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կարեւորեց ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նշանակությունը: Նախարարը խոսեց նաեւ Կինոգործիչների միության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի հիշատակից: Նախարարը նշեց, որ կինոմիությունը պետք է դառնա կինոարտադրության շղթայի կարեւոր օղակներից մեկը ու կոչ արեց ակտիվորեն քննարկել իրենց կայքում դրված Կինոյի մասին օրենքի նախագիծը:

ՀՀ քաղաքացի, բայց ԱՄՆ-ում բնակվող դերասան եւ ռեժիսոր Ժան Նշանյանն առաջարկեց, որ քվեարկելու իրավունք ունենան նաեւ արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացի միության անդամները: «Ժամանակին Ռոստրոպովիչին մեկ ձայնի պատճառով այդպես զրկեցին ու հեռացրին Ռուսաստանին»,- փաստեց նա:

Ռուսաստանաբնակ հայտնի կինոգետ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Արմեն Մեդվեդեւը խոսեց ռուսերեն, ներողություն խնդրեց դրա համար, ապա խնդրեց իր մասին հայերեն վատ չխոսել, քանի որ հայերեն հասկանում է: Ասաց, որ նախագահի երեք թեկնածուների` Հարություն Խաչատրյանի, Գեւորգ Գեւորգյանի եւ Վահե Գեւորգյանցի վերաբերյալ լավ կարծիքի է: Ապա հավելեց. «Վահե ջան, դու մի քիչ շտապում ես, ուզում եմ հիշեցնել, որ Ռուբիկը Գեւորգյանց ինքնուրույն է իր համար ճանապարհ բացել…Վահե ջան, դու արժանին ես, բայց դեռ կդառնաս նախագահ: Ես կարծում եմ, որ պատասխանատվության այդ բեռին դու կարող ես չդիմանալ, ցավդ տանեմ, մի շտապիր, դու հրաշալի հայր ես կորցրել, դու կշարունակես քո ճանապարհը, ամեն ինչ առջեւում է: Ինչ վերաբերվում է Գեւորգ Գեւորգյանին, դու կարող ես ավելին անել հայկական կինոյի համար, ռեւանշի հարց չկա, իմաստ չունի, նման պաշտոնի համար պայքարել…Ես լավ եմ վերաբերվում Հարություն Խաչատրյանին, տպավորված եմ նրա «Պոետի վերադարձը» ֆիլմով…Նրա ոչ բոլոր ֆիլմերը կարող են ինձ դուր գալ, բայց կարծում եմ, ծրագրերը նայելով, լավագույն եւ արժանավոր թեկնածուն Հարություն Խաչատրյանն է: Այ, ինչ նա արել է «Ոսկե ծիրանին» վկայում է նրա ադմինիստրատիվ ունակությունների եւ կինոհեղինակության մասին: Ես իրավունք չունեմ քվեարկել, եթե ունենայի, կքվեարկել հենց նրա օգտին` սիրելով Գեւորգյանցին եւ Գեւորգին»:

Ճանաչված կինոռեժիսոր Ռոման Բալայանն էլ նշեց. «Ռուբիկ Գեւորգյանցի շնորհիվ ես հայտնվեցի կինոյում, նրա կորուստը մեծ ցավ է ինձ համար… Բոլորին էլ հարգելով, ես եւս Հարութի օգտին պետք է խոսեմ, որովհետեւ ագահ օլիգարխական երկրում կարողանալ փառատոն կազմակերպելը, հերոսություն է, Հարութը հասել է նրան, որ մեզ գովում են ոչ հայերը, Հարութի կապերը գումար հայթայթելու, կազմակերպչական ունակությունները կարող են շատ բան փոխել կինոմիությունում…Ես հիշում եմ, թե ինչպես նրա «Կոնդը» գլխավոր մրցանակ ստացավ Կիեւում, ու այդ օրվանից ես հետեւում եմ նրան: Վստահեցնում եմ հետխորհրդային տարածքում «Ոսկե ծիրանի» մակարդակի փառատոն չկա: Առաջարկում եմ քվեարկեք նրա օգտին: Ես 77 տարեկան եմ, մի բան գիտեմ, որ ասում եմ»:

Գեւորգ Գեւորգյանը նշեց, որ հարգելով Արմեն Մեդվեդեւին եւ Ռոման Բալայանին, սխալ է համարում ընտրությունների օրը քարոզել ինչ-որ մեկի օգտին:

Կինոմիության վարչության քարտուղար եւ նիստը նախագահող Ռուդոլֆ Վաթինյանն անընդհատ ռուսերեն դիտողություններ էր անում կինոգործիչներին, հաճախ շփոթ էր առաջանում վերստուգի՞չ հանձնաժողովի են ընտրում , թե՞ Վերահսկիչ:

Համագումարի աշխատանքները շարունակվում են:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031