Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ:
Անշուշտ, ամեն օր չէ, որ խոսվում է գրադարանավարների մասին, ինչը, սակայն, որևէ կերպ չի կարող նվազեցնել այն կարևորությունը, որն ունեն այս անհրաժեշտ մասնագիտության տեր մարդիկ: Եվ դա արդարացված է, քանզի գրի և գրականության հանդեպ հայերիս հատուկ վերաբերմունքն առավել ընդգծված է հենց գրադարանավարների մոտ, ովքեր միշտ առանձնահատուկ խնամքով և հոգատարությամբ են վերաբերվում թղթին հանձնված մարդկային մտքի հարատևող կրիչներին՝ գրքերին: Ու հենց ա՛յս մարդկանց նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ոչ միայն պահպանվում են գրադարանային գործի լավագույն ավանդույթները, այլև տեխնիկական առաջընթացի, տեխնոլոգիաների զարգացման ներկա պայմաններում, ժամանակակից մեթոդների կիրառմամբ դրանք հարստացվում ու ծառայեցվում են մեր հանրությանը և երկրին:
Գրադարանային համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,
առիթն օգտագործելով մեկ անգամ ևս վստահեցնում եմ բոլորիդ, որ մայրաքաղաքի գրադարանների արդիականացման, համալրման և տեխնիկական հագեցվածության ապահովման մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Համոզվա՛ծ եղեք, որ Երևանի քաղաքապետարանն անելու է առավելագույնը թե՛ ձեր և թե՛ գրադարանային ծառայություններից օգտվող մեր համաքաղաքացիների համար լիարժեք պայմաններ ապահովելու ուղղությամբ: Շարունակե՛ք ձեր նպաստը բերել կիրթ ու հայեցի սերունդ դաստիարակելու անչափ կարևոր և պատասխանատու գործին՝ լիարժեք վստահությամբ, որ մեր գրադարանների ընթերցասրահները երբևէ չեն զգա գիտելիքի ձգտող ընթերցողների պակաս:
Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ՝ ձեր պատասխանատու և նվիրական գործում:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ