2019 թվականի պետական բյուջեն առանձնահատկություններ ունի: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Դրանք հետեւյալն են`գալ տարվանից անցնելու ենք հարյուր տոկոս ծրագրային բյուջետավորման: Այսինքն, այլեւս բյուջետային հատկացումները կատարվելու են այս կամ այն պետական մարմնին, ըստ նրա իրականացրած ծրագրերի: Ներքին արտադրողին խրախուսելու եւ սոցիալական ծախսերը չկրճատելու համար արտաքին պարտքը հասնում է ՀՆԱ-ի 60 տոկոսին: Այս ամենով, բանախոսը հավաստիացնում է`որեւէ սոցիալական ծախս չի կրճատվելու: Բայցեւ, թոշակների եւ աշխատավարձերի ավելացում էլ չի նախատեսվում: «Ճիշտ է, որոշակի ոլորտներում մենք ունենք ֆինանսավորման նվազեցում, սակայն կան նաև ոլորտներ, որտեղ ծառայությունները մատուցվելու են ավելի էժան գներով, մասնավորապես՝ առողջապահության բնագավառում: Խոսքն, օրինակ, սրտի վիրահատությունների մասին է»,- ասաց նա:
Հիշեցնենք, եկող տարվա պետական բյուջեի մուտքերը նախատեսվում են 1 տրիլիոն 300 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 460 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ շուրջ 156 միլիարդ դրամ:
Գալ տարվա բյուջեի դեֆիցիտը, ըստ Գագիկ Մինասյանի, էապես պայմանավորված է հենց արտաքին պարտք-ՀՆԱ հանգամանքով. «Գործնականում մենք չենք ավելացրել պետական բյուջեի դեֆիցիտը: Երկու տարի շարունակ մենք ունենում ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում: Այդուհանդերձ եկող տարվա համար եւս նախատեսում ենք 4`գումարած-հանած 1,5 տոկոս»:
Բանախոսը նաեւ փաստում է`ընթացիկ տարվա համար նախատեսված 3,4 տոկոս տնտեսական աճը գերակատարվելու է: Դա իրեն ցույց են տալիս իրողությունները: Մասնավորաբար, ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտում ակնկալվող տնտեսական աճը:
Ինչ վերաբերվում է բյուջեի դեֆիցիտին, ապա, Գագիկ Մինասյանը հավատացնում է` ֆինանսավորումն իրականացնել ներքին աղբյուրների հաշվին:
Վերջին տարիներին, բյուջեներին անուն էր տրվում`զարգացման, գոյատեւման եւ այլն: Գագիկ Մինասյանը չցանկացավ բնութագրել եկող տարվա բյուջեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ