«Այդ ո՞ր մի երկրում է ագրեմանի հարցման կամ տրամադրման-մերժման մասին տեղեկությունը հանրային քննարկման առարկա դառնում… չի կարելի դա հրապարակային քննարկման առարկա դարձնել, ու ես զարմանում եմ, որ մեր լրատվադաշտը այդպիսի հետաքրքրություն է ցուցաբերում ագրեմանի հարցում» ,- Սերգեյ Մինասյանի հետ կապված աղմուկը նկատի ունենալով՝ նշում էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Իսկ թե ինչու ագրեմանի հարցումն ու դրա մերժումը հանրային քննարկման չի դառնում, մեզ հետ զրույցում պարզաբանեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:
«Պատկերացրեք, որ Դուք հյուր պետք է գնաք մեկի տուն, ու ցանկանում եք Ձեր ընկերոջն էլ հետներդ տանել: Դուք նախապես պետք է զգուշացնեք, որ տվյալ մարդուն Ձեզ հետ տանելու եք: Եթե հյուրընկալողը ոչ մի խնդիր չունի Ձեր ընկերոջ հետ, պարզ է, որ կհամաձայնի ու կասի, ոչ մի խնդիր չկա: Իսկ եթե մերժի ու ասի, որ տվյալ մարդը ցանկալի չէ, Դուք Ձեզ վատ կզգաք, չէ՞: Դրա համար նա ոչ թե ուղղակի ասում է՝ Ձեր ընկերոջը չբերեք, այլ ուղղակի ոչինչ չի ասում, ու Դուք պետք է հասկանաք, որ հյուրընկալողի համար Ձեր ընկերը ցանկալի չէ: Նույնն էլ՝ ավելի մեծ մասշտաբով, դեսպանների նշանակման դեպքում է գործում, եթե խելամիտ ժամկետներում չեն պատասխանում դեսպան նշանակելու դիմումին, ուղարկող երկիրը հասկանում է, որ նա ցանկալի չէ, եւ այլ մարդու է առաջարկում»,- ասաց Արա Պապյանը:
Ընդ որում՝ խելամիտ ժամկետն էլ կոնկրետ սահմանված չէ՝ մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը եւ այլն: Ամեն դեպքում՝ Արա Պապյանը նշեց, որ 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ: Ընդ որում՝ ագրեման ստանալու համար նույն անձի թեկնածությունը երկրորդ անգամ արդեն չեն ուղարկում, դա ընդհանրապես ընդունված չէ. նման դեպքում պետք է այլ թեկնածություն առաջարկել:
Ինչ վերաբերում է կոնկրետ Սերգեյ Մինասյանի դեպքին, ապա վրացական շրջանակներն ակնարկեցին, թե արդեն 4 ամիս է, ինչ հայկական կողմն ագրեմանի հարցում է ուղարկել Թբիլիսի ու պատասխան չի ստանում: Ու եթե հաշվի առնենք, որ ընդամենը 1 ամիս է, ինչ ակտիվորեն քննարկվում է Սերգեյ Մինասյանին Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելու մասին լուրերը, որը այլ տեղից, քան ԱԳՆ-ից, «սպրդել» չէր կարող, նշանակում է, որ հայկական կողմն, այնուամենայնիվ, փորձել է այս եղանակով «կորզել» Մինասյանի ագրեմանը:
Գևորգ ԱՎՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում