Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը ներկայացրել է այն պատգամավորների ցուցակը, որոնք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով, դիմել են եւ ստանում են Երեւան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում: Այսինքն` մի խումբ պատգամավորներ, ավելի կոնկրետ` 10 պատգամավոր, դիմել են պետությանը, որպեսզի ստանան Երեւան քաղաքում վարձով բնակարանում ապրելու փոխհատուցում:
Հաջորդը, Մանուկյան Ռոմիկ, նորից դաշնակցական է: Մարդը 2003-07-ը եղել է Շիրակի մարզպետը, իսկ 2000-03-ը եղել է Շիրակի փոխմարզպետը: Ծնվել է Շիրակի մարզի Սարատակ գյուղում, հավանաբար այնտեղ տուն ունի, շատ հավանական է, որ ոչ միայն այնտեղ, բայց դիմել է պետությանը, որպեսզի կարողանա վճարել Երեւանում իր բնակարանի վարձը:
Մարուքյան Էդմոն, դաշնակցական չէ, Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիրն է, ծնվել է Վանաձորում, այնտեղ տուն ունի: Մարզպետ չի եղել, փոխմարզպետ` նույնպես, բայց աշխատավարձից կամ եկամուտներից երբեք չի դժգոհել: Նույնպես դիմել է պետությանը, որ կարողանա վճարել Երեւան քաղաքում իր բնակարանի վարձը:
Հաջորդը Միքայելյան Տատյանան է: Տիկինը ներկայացնում է Ծառուկյան դաշինքը: Ծնվել է Թաթարստանում, իսկ Հայաստանում աշխատել է 1988-1991-ին` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահի տեղակալ: 1991-2000թթ.` «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ գլխավոր հաշվապահ: 2000-2009-ին` Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ: 2009-2014-ին` Ինեկոբանկ ՓԲԸ գլխամասի վարկերի ձեւակերպման գլխավոր մասնագետ: 2014-2017-ին` Ինեկոբանկ ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի գլխավոր մասնագետ:
Միքայելյան Տատյանան նույնպես դիմել է պետությանը, որ կարողանա Երեւանում վարձով ապրել:
Պողոսյան Կարինեն հաջորդն է: Տիկինը առաջ հանրապետական էր, հետո երբ Հովիկ Արգամիչը դուրս եկավ ՀՀԿ-ից, ինքն էլ դարձավ անկուսակցական: Պատգամավոր է ընտրվել Ծառուկյան դաշինքի կազմում: Ծնվել է Մխչյան գյուղում: 1994-2004-ին Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում աշխատել է ֆիզիկայի ուսուցչուհի, 2004-2009-ին` փոխտնօրեն: 2009-2011-ը եղել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն:
Ի դեպ, օգնությունը կազմում է ամեն ամիս 100 հազարական դրամ: Այսինքն` բացի պատգամավորական աշխատավարձից հիշյալ մարդիկ ստանում են հավելյալ 100 հազարական դրամՙ Երեւան քաղաքում վարձով ապրելու համար:
Չէ, ես չեմ ասի, որ Երեւան քաղաքում բազմաթիվ մարդիկ են վարձով ապրում, որոնք պատգամավոր չեն, որ չեն կարող օգտվել ՀՀ համապատասխան օրենքի 9-րդ հոդվածից, ոչ էլ կարեւոր է այն, թե ինչո՞ւ է Կնյազ Հասանովն, օրինակ, անպայման ուզում Երեւանում ապրել, այն պարագայում, երբ Աբովյանից Երեւան 20 րոպեի ճանապարհ է, ու ինքը Աբովյան քաղաքի կնյազն է (չխառնել թագավորի հետ): Նույնը վերաբերում է Էջմիածնում բնակվող Կարապետյան Անդրանիկին: Սակայն ինձ այլ բան է հետաքրքրում. ինչո՞ւ է պարոն Վարդան Ղուկասյանը հետ վերցրել իր` փոխհատուցում ստանալու դիմումը. ամաչել է Գյումրիում տնակներում ապրողների՞ց, թե՞ պետական միջոցները սկսել է խնայել: Գուցե այլ պատճառ կա…Ամեն դեպքում պետության բյուջեից ամեն ամիս 1 միլիոն դրամ գնում է, որպեսզի տասը պատգամավոր կարողանա վարձով ապրել Երեւան քաղաքում:
Ի դեպ, ապրո՞ւմ են, թե՞ պարզապես փողն են ստանում…
Հ.Գ. Սոցիալական ապահովության եւ աշխատանքի նախարար Արտեմ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ վերանայվում է երկրում նպաստառուների ցուցակը, որպեսզի բացառվի նպաստի հատկացումը նրանց, ովքեր դրա կարիքը չունեն:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում