Հատկապես ուշագրավ է դեպի այլ` ԵԱՏՄ եւ ԵՄ մեջ չմտնող առանձին երկրներ արտահանման ծավալների տպավորիչ աճը: Ռեկորդային` 3,5 անգամ կամ մոտ 122 մլն դոլարով աճել են դեպի Շվեյցարիա արտահանման ծավալները, մոտենալով 170 մլն դոլարի: Միացյալ Արաբական Էմիրություններ մեր արտահանումն այս տարվա ութ ամիսներին ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 32 մլն դոլարով, հասնելով գրեթե 61 մլն դոլարի: 16 մլն դոլարով կամ 60,7 տոկոսով ավելացել է արտահանումը դեպի ԱՄՆ, կազմելով 42 մլն դոլար: 13 մլն դոլարով կամ 23,7 տոկոսով աճել է դեպի Չինաստան արտահանումը` կազմելով 64 մլն դոլար: Դեպի Թաիլանդ արտահանման 19,3 անգամ աճը գումարային առումով կազմել է մոտ 7 մլն դոլար` նախկինում մի քանի հարյուր հազար դոլար կազմող ցուցանիշի փոխարեն:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, դարձյալ, աճել են ինչպես ԵԱՏՄ եւ ԵՄ, այնպես էլ` անհամեմատ ավելի մեծ ծավալներով այլ երկրներից Հայաստան ներմուծման ծավալները:
ԵԱՏՄ հիմնական երկիր Ռուսաստանից ներմուծումը Հայաստան ավելացել է 18,3 տոկոսով, ԵՄ երկրներից` 18,6 տոկոսով, իսկ այլ երկրներից` 35,8 տոկոսով: Ընդ որում, ներմուծման ամենամեծ ծավալներն ունենք հենց այլ երկրներից, որոնց մեջ, որքան էլ ցավալի եւ երկրի անվտանգության համար մտահոգիչ լինի, նաեւ մեր հանդեպ թշնամաբար վերաբերվող Թուրքիան է: Չգիտես ինչու, ԵԱՏՄ-ից մրմուռ զգացողներին առանձնապես չի մտահոգում այս հանգամանքը եւ այն, որ այս տարվա ութ ամիսներին Թուրքիայից Հայաստան ներմուծման ծավալները անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 61 տոկոսով կամ մոտ 54 մլն դոլարով` հասնելով 141 մլն դոլարի:
Մեր անմիջական հարեւանների հետ հարաբերությունների մասին ի վերջո: Փաստենք, որ արտահանումը Հայաստանից Իրան աճել է 11,2 տոկոսով եւ կազմել 54 մլն դոլար, ներմուծումը` 9,1 տոկոսով եւ կազմել 118 մլն դոլար: Մյուս հարեւանի` Վրաստանի հետ պատկերը հետեւյալն է. արտահանումը դեպի այդ երկիր աճել է 3,4 տոկոսով, հասնելով 101 մլն դոլարի, ներմուծումը նվազել է 6,7 տոկոսով, կազմելով 64 մլն դոլար: Հաշվի առնելով սեզոնային գործոնը, որ Վրաստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքները Հայաստան են ներմուծվում տարեվերջին, ներմուծումն այս երկրից նույնպես առաջիկա ամիսներին կավելանա: Չմոռանանք նաեւ, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ ունեն ազատ առեւտրային ռեժիմ, որի շնորհիվ վերջին տարիներին փոխադարձ ապրանքաշրջանառությունը էապես ավելացել եւ հասել է մեծ ծավալների:
Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում