Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի կահույքը «ժամանեց» Երեւան

Հոկտեմբեր 07,2017 11:30

ՀՀ-ում Լատվիայի հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանն է այն գնել ու կոմպոզիտորի տուն-թանգարանին նվիրել՝ իր համախոհների եւ աջակիցների շնորհիվ

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում իրադարձություն էր. կոմպոզիտորի հավաքածուն (14 հազար նմուշ), այդ թվում՝ անձնական իրեր, ձեռագրեր, լուսանկարներ, հայտագրեր, անձնական ռոյալը, որ բերվել է Մոսկվայից, ու մի քանի դաշնամուր (Հայաստանից, Բրազիլիայից, Արգենտինայից), որոնք կյանքի տարբեր ժամանակահատվածներում «օգնել» են կոմպոզիտորին ստեղծագործելու, համալրվեց նրան պատկանող կահույքի մի քանի կտորներով՝ պահարան, բազկաթոռ եւ աթոռ: Այս մասին «Առավոտին» հայտնեց տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ու մանրամասնեց. «Գործընթացը սկսվել է շուրջ 4 տարի առաջ, ՀՀ-ում Լատվիայի հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ, որը տեղեկացրել էր Լատվիայի մի խոշոր կոլեկցիոների հավաքածուում գտնվող մաեստրոյի կահույքի մի քանի կտորների մասին: Նա ձեռնամուխ եղավ դրանք Երեւան տեղափոխել: Այն գնեց ու տուն-թանգարանին նվիրեց իր համախոհների ու աջակիցների շնորհիվ, որոնց թվում է նաեւ Հայաստանի մշակույթի նախարարությունը: Փաստորեն, կահույքի այս մի քանի մասը երկարատեւ «ճամփորդությունից» հետո վերադարձան կոմպոզիտորի տուն եւ արդեն կցուցադրվեն տան հյուրասենյակում»:

Հետաքրքրվեցինք՝ այս պահին գուցե այլ բանակցություննե՞ր են ընթանում արտասահմանից կոմպոզիտորի այլ իրեր կամ առարկաներ երեւանյան տուն տեղափոխելու ուղղությամբ: Տիկին Գրիգորյանը հիշեցրեց, որ Խաչատրյանի ցանկությունն է եղել, որ Երեւանում իր առանձնատունը վերածվի տուն-թանգարանի, հետո պատասխանեց. «Առաջին հերթին բանակցությունները Մոսկվայի հետ են… Սա շարունակական գործընթաց է: Ամեն ինչ պետք է անենք, որ մաեստրոյին պատկանող իրերի ու առարկաների հիմնական մասը հանգրվանեն մեզ մոտ: Պատահում են դեպքեր, երբ այլ երկրներում բնակվող մարդիկ, որոնք հենց իրենք կամ հարազատներից ոմանք տարբեր առիթներով շփվել են կոմպոզիտորի հետ եւ ունեն մասունքներ նրանից, անձամբ են այցելում Երեւան ու դրանք հանձնում տուն-թանգարանին: Օրինակ, երկու ամիս առաջ Բոստոնից մեր հայրենակիցները՝ Բաղդեյան քույրերը, նվիրեցին մաեստրոյի դիրիժորական երկու փայտիկները, մի քանի օր առաջ էլ Ամստերդամից մի կին, ում ամուսինը ժամանակին խնդրել էր կոմպոզիտորից մակագրություն դնել Խաչատրյանի մասին թերթում զետեղված հոդվածի վրա, անձամբ հանձնեց մեզ թերթը»:

Դիտարկմանը՝ թե Խաչատրյանի մոսկովյան բնակարանը նրա մահից հետո կողպված է, հավանաբար իրերով ու առարկաներով, մեր զրուցակցի կողմից մնաց անպատասխան:
Արամ Խաչատրյանի տուն- թանգարանը հիմնադրվել է 1978թ., որը 1947թ. կոմպոզիտորին նվիրել էր Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Իսկ 1984թ. բացվեց տուն-թանգարանի առաջին ցուցադրությունը: Կոմպոզիտորի երեւանյան բնակարանում հիմնականում ապրել են մայրը, եղբայրը՝ Վաղինակը՝ ընտանիքով: Ի դեպ, երաժիշտները առիթի դեպքում կատակում են, փաստելով, որ 1948թ. մարտին Ժդանովի հրամանագրից հետո իր արտիստական «սխալների» համար ներողություն է խնդրում, սակայն նրա երաժշտական ճաշակը փոփոխությունների չի ենթարկվում եւ որպես «պատիժ» Մոսկվայից «ուղարկվում» է Հայաստան՝ շարունակելով մնալ քննադատված: Բանն այն է, որ Խաչատրյանը իր մեկ-երկու գործընկերների հետ կոմունիստական կուսակցության կողմից մեղադրվում է որպես երաժշտական ֆորմալիզմի հետեւորդ: Եվ միայն 1948թ. դեկտեմբերին կոմպոզիտորը ներվում է՝ Լենինի մասին իր կենսագրական ֆիլմի շնորհիվ: Փաստորեն, Խաչատրյանը շուրջ 9 ամիս Մոսկվայից «աքսորվել» է ու «պատիժը» կրել երեւանյան իր տանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031