Կան ոլորտներ, որտեղ հայ տղամարդկանց մեծամասնությունն իրեն անգերազանցելի փորձագետ է համարում: Եվ ավելին՝ վստահ է, որ բոլոր մնացած տղամարդիկ, էլ չեմ ասում՝ կանայք, կատարյալ տգետներ են: Այդպիսի ոլորտ է, օրինակ, այն ամենն, ինչ կապված է ավտոմեքենաների հետ: Շատ քիչ եմ Հայաստանում հանդիպել տղամարդկանց, որոնք վստահ չեն, որ իրենք մեքենա վարելու անզուգական վարպետներ են, իսկ երթեւեկության մյուս մասնակիցերը՝ «քշել չգիտեն, էս ո՞ւմ են ռույլը վստահում» եւ այլն: Ընդհանրապես մեզանում մեքենաների նկատմամբ, իմ կարծիքով, բավականին հիվանդագին վերաբերմունք է՝ ոչ թե որպես փոխադրամիջոցի, այլ՝ որպես կուռքի, բարեկեցության կամ աղքատության խորհրդանիշի, հաճախ՝ որպես «կյանքի ընկերուհու»: Եվ պատահական չէ, որ այդ մեծամասնությունը ամենագետ փորձագետի կեցվածքով կարող է ժամերով զբաղվել տարբեր մակնիշի մեքենաների եւ դրանց տարբեր մասերի համետական վերլուծություններով, ինչպես նաեւ խորը դատողություններ անել վարորդական վարպետության նրբությունների մասին:
«Գիտունիկների» մեկ այլ ասպարեզ է ֆուտբոլը: Ավտոմեքենաների հետ համեմատած՝ այստեղ վիճակն ավելի վատ է, որովհետեւ ֆուտբոլ խաղում են շատ քչերը, բայց մնացած մարդիկ գիտեն, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ: Եվ երբ մեր ֆուտբոլիստները պարտվում են, նրանք վստահ են, որ գիտեն վատ խաղի բոլոր խորքային պատճառները եւ այն լավացնելու ամենաճիշտ ճանապարհները:
Երեկվա ընթացքում ես կարդացի ամենանվաստացուցիչ մեղադրանքները, ամենաթունդ հայհոյանքները մեր ֆուտբոլիստների, մարզիչների եւ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հասցեին, հաճախ նաեւ՝ ինչ-որ քաղաքական երանգներով: Ես չհանդիպեցի որեւէ մասնագիտական վերլուծության, թե որոնք են պարտության իրական պատճառները: Գուցե մասնագետներ, պրոֆեսիոնալներ չկա՞ն, կամ գուցե կան, բայց նրանք այնքան են ընկղմված անձնական հաշիվների մեջ, որ չեն կարող սթափ մտքեր արտահայնել:
Ես չեմ փորձի, ի տարբերություն շատ-շատերի, հիմա ինչ-որ սիրողական դատողություններ անել: Միայն մի բան կարող եմ ասել: Լինել քո թիմի կողքին, երբ նա հաղթում է, չափազանց հեշտ է՝ դու կարծես քեզ մաս ես զգում այդ հաղթանակների: Բայց ինչպես մնացած դեպքերում, սերը, հավատարմությունը չպիտի պայմանական լինի, այսինքն՝ չպիտի պայմանավորվի «եթե»-ներով՝ «ես քեզ սիրելու եմ, եթե…»: Սիրելի թիմի կողքին պետք է լինել նաեւ պարտությունների, անգամ ջախջախիչ պարտությունների պարագայում:
Տղաներին այսօր պետք է հավատալ եւ քաջալերել, եթե մենք երկրպագուներ ենք: Իսկ անհաջողությունների վերլուծությունը թողնենք մասնագետներին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի քիչ գիտունիկություն էլ ես անեմ:
Մասնագիտական պատրաստակամությունից ոչ պակաս կարեւոր է հոգեբանական պատրաստակամությունը, հայտնի է, որ մարդն իր գիտակցությամբ միայն հինգ տասը տոկոսը կարող է ղեկավարել, իսկ հոգեբանական մարզանքներից հետո նա ղեկավարում է իր հնարավորությունների շատ ավելի մեծ տոկոս, իզուր չէ հիվանդի առողջական վիճակը լավանում է նույնիսկ այն դեպքում, երբ նրան դատարկ հաբ են տալիս՝ բայց ասում են թե իսկական հաբ է, հավատը հրաշքներ է գործում, կարճ ասած՝ հրաշքին հավասար նպատակներ դրեք ձեր առաջ, ցանկացած մարդու կամ երեւույթի հետ գործ ուղղակի մի բռնեք՝ միջնորդը ձեր սեփական անձնական աստվածը պետք է լինի, մտովի ղեկավարման վահանակը տվեք ձեր աստծուն ու լիովին ենթարկվեք նրան, համոզված ու երջանիկ ու բնական է ոչ մի նշույլ անգամ կասկած, հենց կասկածեցիք՝ հրաշքը կվերանա: Ու ինչքան շուտ սկսեք հավատալ, այնքան հեշտ կիրագործվի կյանքում ձեր նախանշած հրաշքները:
Ֆուտբոլիստ – մասնագիտություն:
Ֆուտբոլ խաղալը – աշխատանք:
Աշխատանքի արդյունքը – աշխատավարձ:
Երկրպագուներ, քաջալերեք ֆուտբոլիստներին, որ տիրապետեն իրենց մասնագիտությանը, լավ աշխատեն, բարձր աշխատավարձ ստանան, համապատասխան հարկեր վճարեն եւ ընտանիք պահեն:
Հարգելի Արամ, մի շատ պարզ բան ասեմ Ձեզ: Ես նեմեցին բոլորովին չեմ ճանաչում, բայց նրա հետ որեէ գործ ունենալ երբեք չէի կամենա: Առավել եւս, անունն անգամ լսել չեմ ուզում, կարծում եմ բացատրելու կարիք չկա ինչու: Պատկերացրեք, որ այդ պատճառով ֆուտբոլ էլ չեմ ուզում նայել, որովհետեւ այդ ֆուտբոլիստներն ինչ որ չափով առնչվում են իր հետ: Նաեւ վստահ եմ, որ այդ երիտասարդներից բոլորը չէ որ իրենց երջանիկ ու բավարարված են զգում ոմանց համար արժանավոր, այդ անձի հետ առնչվելուց: Թերեւս այստեղ պիտի փնտրել պատասխանը, որովհետեւ սպորտն ու պայքարը ոչ միայն ֆիզիկային ու նյութականին են կապված, այլ նաեւ ոգուն ու հոգեականին: