Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար, դոկտոր Ալիա Մահմուդ Սալման Ալ-Զուբեյդի հարցազրույցն «Առավոտին»:
– Իրաքում կայացած անկախության հանրաքվեն բավական հետաքրքիր զարգացումներ է առաջացրել, հատկապես հայկական պետությունների` Հայաստանի եւ Արցախի համար: Ուշագրավ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բավական զուսպ դիրքորոշում արտահայտեց: Մինչդեռ Արցախի Հանրապետությունը ողջունեց Քուրդիստանի անկախությունը: Սա կարո՞ղ է ազդել Իրաք-Հայաստան հարաբերությունների վրա:
– Հայ-իրաքյան հարաբերությունները շատ լավ եւ բարեկամական են: Հատկապես այս տարի երկկողմ հարաբերություններում լուրջ առաջընթաց ենք ունեցել: Տառացիորեն օրերս` սեպտեմբեր ամսվա վերջին, տեղի ունեցավ հայ-իրաքյան կառավարական հանձնաժողովի հերթական նիստը` նախարարական բարձր մակարդակով: Հուսով ենք, որ բոլոր համաձայնությունները, որոնք ձեռք բերվեցին, եւ այն հուշագրերը, որոնք ստորագրվեցին, իրականացման գոտի կմտնեն: Դրանց իրականացումը բխում է երկու երկրների շահերից:
Ես անձնապես հասկանում եմ, թե ինչու Արցախը ողջունեց այդ հանրաքվեն եւ դրա արդյունքները: Ամեն դեպքում Իրաքից այս հարցի շուրջ պաշտոնական կարծիք դեռ չկա: Բայց այստեղ հարց կա. Արցախի իրավիճակը որեւէ կերպ չի համապատասխանում Քուրդիստանի իրավիճակին: Իրաքում քրդերը շատ կարեւոր պաշտոններ են զբաղեցնում: Իրաքի ներկայիս նախագահն ազգությամբ քուրդ է, նախկին նախագահը նույնպես քուրդ էր, Իրաքի արտաքին գործերի նախկին նախարարը` Հոշիար Զիբարին, նույնպես քուրդ էր: Իրաքի Սահմանադրությամբ՝ երկրի կառավարման համակարգում քրդերն իրենց հստակ տեղն ու դերն ունեն՝ նախարարական պորտֆելներ, փոխնախարարներ, նախարարություններում գլխավոր տնօրեններ, պառլամենտում 60 պատգամավոր եւ այլն: Սահմանադրության ամրագրումներն արված են ըստ բնակչության թվաքանակի: Բացի այդ, Քուրդիստանը Իրաքի բյուջեից 17 տոկոս գումար է ստանում: Տարատեսակ այլ խողովակներով էլ տարբեր գումարներ ստանում են: Քուրդիստանին ինքնավարության լայն հնարավորություններ են տրված: Այդ հնարավորությունները տրված էին նաեւ Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին: Ի դեպ, մինչեւ 2003 թվականը Քուրդիստանի այդ հատվածը կոչվել է Իրաքի հյուսիս: Իրավիճակը փոխվեց 2003 թվականից հետո, երբ երկրում անընդհատ անհանգստությւոն էր, պատերազմներ, «Ալ Քաիդան» եւ ԴԱԻՇ-ը ներխուժեցին Իրաք, այլ երկրներ սկսեցին խառնվել իրաքյան գործերին: Այս ամենից հետո արդեն ստեղծվեց Սահմանադրությունը, որին մասնակցեցին Իրաքում բնակվող բոլոր ազգերը, այդ թվում նաեւ քրդերը: Քրդերն, ի դեպ, մեծ դեր ունեցան Սահմանադրության գրման եւ ընդունման գործընթացում: Որոշում կայացվեց, որ պետք է լինի Իրաքի դաշնային պետություն, եւ Սահմանադրության բոլոր մասնակիցները պետք է հարգեն Իրաքի միասնությունը:
Այս ամենը հաշվի առնելով՝ ես չեմ տեսնում, որ Արցախի եւ Քուրդիստանի հարցերը նման են իրար:
Վերոնշյալ հիմքով է, որ Իրաքի դաշնային պետությունը չի ընդունում այդ հանրաքվեն: Սա կարող է հանգեցնել նրան, որ մի օր էլ Հարավը ցանկանա բաժանվել, որտեղ սունիներ են ապրում, հետո նաեւ` շիաները, եւ Բաղդադը մնա մեջտեղո՞ւմ: Սա հենց արտաքին ուժերի ցանկությունն է: Իրաքի մասնատումը կազդի ոչ միայն Իրաքի վրա, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Հիմա Թուրքիան եւ Իրանը նույնպես անհանգստացած են, դիրքորոշումներ են արտահայտում, քանի որ իրենք էլ ունեն քրդական գործոնը: Բայց սա էլ Իրաքի ինքնավարության դեմ է, արտաքին ուժերի ներխուժում է տեղի ունենում: Մենք պաշտպանում ենք Իրաքի միասնականությունը:
Այդ հանրաքվեն մերժել են նաեւ ՄԱԿ-ը, Արաբական երկրների լիգան, Իսլամական կազմակերպությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ այլն: Նաեւ կարեւոր է նշել, որ հանրաքվեի համար ընտրված ժամանակը ճիշտ չէր:
– Ինչո՞ւ:
– Մենք հիմա «Իսլամական պետության» դեմ պատերազմի մեջ ենք, եւ «Փեշմերգան» (քրդական ուժեր-Ն. Գ.) նույնպես մեզ հետ պայքարում է այդ ուժերի դեմ: Ստացվում է, որ մենք մասնատում ենք մեր ուժերը եւ թուլացնում ենք Իրաքը` ի շահ «Իսլամական պետության»: Իրաքի բանակի մաս կազմելով` «Փեշմերգան» իր դիրքերն է ամրապնդել Քիրքուքի շրջաններում` մեծացնելով քրդական գործոնը: Բայց «Փեշմերգան» իրավունք չունի սեփական պատերազմը մղել: «Փեշմերգան» իրաքյան բանակի մաս է: Չի կարող բանակը կռվել, վերցնել մի շրջան եւ ասել` սա իմն է: Նույնն է, որ «Ալ-Հաշդ Ալ-Շաաբին» ասի` Հադիջան ազատագրել ենք, տվեք մեզ:
– Չնայած հանրաքվեի արդյունքներին՝ Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ իրենք շարունակելու են Բաղդադի հետ բանակցությունները:
– Հիմա արդեն այդ տարածքը մեր պետությունը նորից սկսեց կոչել Իրաքի Հյուսիս: Եվ օրերս քրդական երկու կուսակցություններից ընտրված 60 պատգամավորներին թույլ չէին տվել մտնել խորհրդարանի շենք: Իրաքը մերժում է այդ հանրաքվեն, դրա արդյունքները եւ ոչ մի կերպ չի բանակցելու այդ հարցի շուրջ:
– Դուք խոսեցիք Թուրքիայի եւ Իրանի արձագանքի մասին, այն սկզբում շատ կոշտ էր: Էրդողանը նույնիսկ խոստացավ սոված թողնել այդ ժողովրդին: Բայց հետո, կարծես, կրքերը հանդարտվեցին, դիրքորոշումները կարծես մեղմացան: Ինչո՞վ եք սա պայմանավորում:
– Թուրքիայի եւ Իրանի անհանգստությունները, հասկանալի են, պայմանավորված են իրենց երկրի տարածքում բնակվող մեծաքանակ քուրդ բնակչությամբ: Իրաքում էլ տարբեր ազգեր են ապրում` թուրքմեններ, ասորիներ, եզդիներ, հայեր, արաբներ եւ այլն: Նինվեի, Մոսուլի, Քիրքուքի շրջանները հիմնականում քրդաբնակ են: Հայերն ապրում են հիմնականում Բաղդադում եւ Մոսուլում: Բայց նրանք բոլորն իրաքցի են: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազգային պատկանելության հիման վրա ինչ-որ բաներ անել, ազգայնական դրսեւորումների են հանգեցնում: Քրդերը դեռ վաղ ժամանակներից ունեն այդ տեսակետը, որ այդ շրջաններն իրենց ենթակայության տակ լինեն: Ասում եք` Թուրքիան եւ Իրանը մեղմացրել են դիրքորոշումները. միեւնույն է՝ ցանկացած նման կեցվածք նույնպես դեմ է Իրաքի միասնականությանը եւ կարող է խախտել մեր սուվերենությունը` ավելի մեծ խնդիրների առաջ կանգնեցնելով: Ուստի իրաքյան կառավարությունն էլ է գործողություններ անում, որը կմեղմացնի իրավիճակը: Օրինակ՝ երեկ հայտարարվեց, որ քուրդ պատգամավորները կարող են մասնակցել իրաքյան պառլամենտի աշխատանքներին, բայց որոշակի գործընթացներ, պատժամիջոցներ կլինեն հանրաքվեին մասնակցած պատգամավորների դեմ:
– Ձեր կարծիքով՝ այս գործընթացն ինչո՞վ կավարտվի, կա՞ն վտանգներ, որոնք կարող են սպառնալիք լինել Իրաքի ամբողջականությանը:
– Հուսով եմ` կստացվի համաձայնության գալ: Որքան հասկանում եմ, քրդերի համար անսպասելի էր միջազգային հանրության նման բացասական արձագանքը: Հիմա կարծես քրդերի մեջ են խնդիրներ առաջանում. Բարզանիի եւ Տալաբանիի կուսակցությունները տարաձայնություններ ունեն: Կային քրդական ուժեր, որոնք ընդհանրապես դեմ էին հանրաքվեին, կային նաեւ ուժեր, որոնք դեմ էին այս շրջանում հանրաքվեի անցկացմանը, շատերը դեմ են Բարզանիի կուսակցության միանձնյա կառավարմանը եւ այլն: Ինչեւէ, այս իրավիճակից քուրդ ժողովուրդն է տուժելու, պատժվելու. գիտեք սահմանափակումների մասին, քանի որ իշխանությունը Իրաքի դաշնային կառավարության ձեռքում է: Միաժամանակ Իրաքի վարչապետը հայտարարեց` չենք վնասելու մեր ժողովրդին: Իսկ մեր ժողովրդի մեջ քրդեր էլ կան:
Ամեն դեպքում Բաղդադի պաշտոնական տեսակետն անփոփոխ է:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
06.10.2017
չէ՜, բնաւ նման չեն երկու հիմնախնդիրները…
միայն թէ՝
. երկուքի պարագային ալ պահանջքի օրինական հիմունքը ճիշդ նոյնն է
. երկուքի պարագային ալ հակառակորդը միեւնոյնն է
չկայ ոչ մի նմանութիւն, հաստատ…
սոսկալի բան է դիւանագիտութիւնը… զայն կարելի է բաղդատել միայն փաստաբանութեան հետ…