Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը որքանո՞վ է ցանկանում հայ-վրացական հարաբերությունները զարգացնել

Հոկտեմբեր 07,2017 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը

– Պարոն Ստեփանյան, Ջավախքում եկեղեցու բակում ծեծկռտուքի առնչությամբ տեղեկատվություն տարածվեց, շատերը անհամաչափ որակեցին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների գործողությունները, ոմանց համար էլ հարմար առիթ դարձավ տեղի ունեցածը ազգամիջյան խնդիր ներկայացնել: Այդ միջադեպը կարո՞ղ է ազդել հայ-վրացական հարաբերությունների վրա:

– Ընդհանուր առմամբ ես ձեռնպահ եմ մնում մեկնաբանություններից այդ թեմայով այն բանից հետո, երբ ծանոթացա հայկական եւ վրացական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվություններին: Առաջին հերթին, տեղեկատվությունն ամենուր գործնականում չի համապատասխանում իրականությանը, տենդենցային է եւ նպաստում է միջմշակութային խառնաշփոթի բռնկմանը: Նման մոտեցումը ոչ միայն դիմակայություն է ուժգնացնում հենց գյուղում, այլեւ կարող է բացասաբար ազդել այնպիսի թեմաների վրա, որոնք ուղղակիորեն կապ չունեն այդ միջադեպի հետ: Բացառություն անեմ եւ մի քանի խոսքով ասեմ կարծիքս.
ա) Բացարձակ ճիշտ է, եկեղեցին կառուցվել է որպես վրացական (դա տեսանելի է նույնիսկ ոչ մասնագետներին եւ նկատելի է նշումներից, ատրիբուտներից, ճարտարապետությունից), եւ յուրաքանչյուր ցանկացող կարող է գնալ եւ ինքը համոզվել դրանում: Որքանով ինձ հայտնի է, հայկական եկեղեցին չի վիճարկում եկեղեցու ծագումը:
բ) Պատմականորեն այնպես է ստացվել, որ եկեղեցու շուրջ հայկական գյուղ է գտնվում, եւ բնական է՝ մի քանի սերունդներ ընտելացել են այն սեփական կյանքի մի մասը համարելուն:
գ) Գերեզմանոցը, որից պեղել են մասունքները, ի հայտ են եկել ավելի ուշ, քան եկեղեցու շինարարությունը:
դ) Բացարձակապես անընդունելի է ցանկացած քաղաքակիրթ հասարակության համար մասունքները փորելու փաստը, որն, ինչպես հասկացա Գումբուրդոյում լինելով, նախաձեռնել է այնտեղ գործուղված միանձնուհին, սակայն որպես աշխատուժ, որոնք փորել են մասունքները, եղել են տեղի երիտասարդ բնակիչները:

Եթե ցանկանում էիք ճշմարտությունը՝ ահա այն: Կարող եմ ավելին պատմել, բայց ձեռնպահ կմնամ: Հիմա կարեւորը իրավիճակը կայունացնելն է, կրակի վրա յուղ չլցնելը եւ բանաձեւ փնտրելը, որը բոլոր կողմերի համար ընդունելի կլինի: Հավելեմ միայն, որ Վրաստանում շուտով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնք կկայանան հոկտեմբերի 21-ին:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը

Ավելի քան վստահ եմ, որ միջադեպը հենց այս փուլում կարող էր որոշակի խմբերի կողմից սադրանք լինել, որոնք հետաքրքրված են իրենց քաղաքական շահերը բավարարելով՝ մարդկանց մանիպուլացման ենթարկելով: Բացի այդ, առաջարկում եմ մտածել այն մասին, թե ինչի կարող են հանգեցնել նման սրացումները տարածաշրջանային համատեքստում եւ բացահայտել շահագրգիռ կողմերին, որոնք ունակ են ազդել նման միջադեպերի ստեղծմանը: Կարծում եմ՝ դա դժվար չէ: Միանգամայն հստակ կարող եմ ասել, որ միջադեպի զարգացումները ձեռնտու չեն ո՛չ Հայաստանին, ո՛չ Վրաստանին, թեեւ վրաստանյան եւ հայաստանյան մամուլի պահվածքից դատելով՝ թվում է, թե ամեն ինչ ճիշտ հակառակն է:

– Հայաստանյան մամուլում տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, թե Վրաստանի իշխանությունները համառորեն հրաժարվում են ագրեման տրամադրել «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն Սերգեյ Մինասյանին Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում նշանակելու համար, որի նշանակման մասին տեղեկությունները դեռ մայիսից են շրջանառվում: Ըստ ԶԼՄ-ների՝ այդ կերպ «պաշտոնական Թբիլիսին հասկացնում է, որ Մինասյանն իրենց համար անցանկալի գործիչ է»: Ձեր կարծիքով՝ դեսպանի փոփոխության հարցում գործընթացի այսչափ երկարաձգվելը ինչի՞ մասին է վկայում, սա անհանգստության պատճա՞ռ է, թե՞ սովորական գործընթաց:

– Ինչ վերաբերում է Վրաստանում Հայաստանի նոր դեսպանի ագրեմանին, ապա, կարծում եմ, քանի որ այն արդեն մի քանի ամիս է՝ չկա, ուրեմն հազիվ թե արժե այն ակնկալել ընդհանրապես: Ես ծանոթացել եմ ներկայացված պատճառներին, որոնց մամուլն անդրադառնում է: Դրանք մեկնաբանելն իմ իրավասությունից դուրս է, թեեւ, եթե վրացական կողմն իսկապես դրանցով է առաջնորդվում, ապա երկարաձգման պատճառն, իմ կարծիքով, հավասարազոր է մերժման, ես դա հասկանում եմ: Անձամբ ես ճանաչում եմ Սերգեյ Մինասյանին եւ համարում եմ, որ նա շատ կիրթ մարդ է՝ աշխատանքի մեծ փորձ ունի եւ քաղաքական գործընթացներին քաջատեղյակ է: Համոզված եմ, որ նրա համար ամեն ինչ դեռ առջեւում է, եւ Հայաստանը կարող է օգտագործել նրա կարողություններն ավելի լայն մասշտաբներում:

– Սեպտեմբերի սկզբին Բաքվում կայացավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի, Մեւլութ Չավուշօղլուի եւ Միխաիլ Ջանելիձեի եռակողմ հանդիպումը: Նրանք պայմանավորվել են ավելի խորացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, մասնավորապես, էներգետիկ, նաեւ քաղաքական ոլորտներում: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշեց, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ադրբեջանի հետ կապված երկու հարց կներառվի»: Այնուհետեւ օրեր անց՝ սեպտեմբերի 11-ին, Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն Երեւան ժամանեց: «Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Ջանելիձեն երկկողմ հարաբերություններից բացի՝ քննարկել են միջազգային կառույցների շրջանակներում հայ-վրացական փոխգործակցությանը, ինչպես նաեւ բազմակողմ ձեւաչափով հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների ու մարտահրավերների շուրջ, անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին»,- ասվում էր նախագահականի հաղորդագրության մեջ: Հարեւան ու բարեկամ երկու երկրների հարաբերությունների զարգացման մասին մենք տարիներ շարունակ լսում ենք հավաստիացումներ, որ «չկան անլուծելի խնդիրներ», դուք բավարա՞ր եք գնահատում հարաբերությունների ներկայիս մակարդակը: Եվ ո՞ր դեպքում Հայաստանը կարող է պաշտոնական Թբիլիսիից չեզոքություն ակնկալել, Ձեր կարծիքով՝ անհրաժեշտ աշխատանք տարվո՞ւմ է, որպեսզի հայ-վրացական հարաբերությունների վրա տարբեր գործընթացները բացասական ազդեցություն չունենան:

– Պարզ է, որ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների ինտենսիվացումը հիվանդագին ռեակցիա է առաջացնում Հայաստանում, բայց բոլորը պետք է լավ գիտակցեն, որ ամեն երկիր առաջնորդվում է սեփական քաղաքական հետաքրքրություններով եւ տնտեսական շահերով: Կարծում եմ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան անմիջապես Բաքվի հանդիպումից հետո խոսում է այն մասին, որ Վրաստանը մտադիր չէ վնասակար քաղաքականություն վարել ոչ Հայաստանի համար, ոչ մյուս՝ բարիդրացիական վերաբերմունք ունեցող Վրաստանի հարեւանների նկատմամբ: Միջպետական հարաբերությունները չեն լինում միակողմանի: Դա երկկողմանի շարժում է:
Այլ հարց է, թե Հայաստանը որքանո՞վ է ցանկանում այդ երկկողմանի հարաբերությունները զարգացնել եւ ինչպիսի գործնական քայլեր է անում դրա համար: Դա կարող է անդրադառնալ ոչ միայն տարածաշրջանային մասշտաբային նշանակության փոխշահավետ տնտեսական ծրագրերի վրա, այլեւ քաղաքական աջակցության վրա, առնվազն երկու երկրների համար ցավոտ հարցերում չեզոքության պահպանում՝ ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում:
Մենք իսկապես վերջին տարիներին լսում ենք, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան անլուծելի խնդիրներ: Ես համաձայն եմ այդ մոտեցման հետ, սակայն հավելեմ նաեւ, որ առկա են նաեւ մի շարք չլուծված խնդիրներ, որոնք եթե սառեցնենք՝ անընդհատ իրենց մասին հիշեցնելու են, եւ հնարավոր է, բացասաբար ազդեն միջպետական հարաբերությունների վրա:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031