Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը չունի մի արտադրանք, որ զբոսաշրջիկն իր վերջին մի քանի եվրոն տա` հետը տանի

Հոկտեմբեր 07,2017 17:30

«Հայաստանն ունի արտահանման կարեւորագույն խնդիր, այսինքն` խնդիրը ոչ միայն շուկաների փնտրտուքն է, այլեւ մենք չունենք արտադրանք, որը մրցունակ կլինի գնի, որակի տեսանկյունից: Դրա ամենավառ ապացույցը հենց մեր արտահանման ցուցանիշներն են, մասնավորապես` մեկ շնչին ընկնող արտահանման ծավալներով մենք բավականին խայտառակ վիճակում ենք գտնվում»,- այս համոզմանն է տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

Նրա կարծիքով՝ այո՛, Հայաստանի գլխավոր շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը եւ այդպես էլ լինելու է. «Իհարկե, Եվրոպական միության ասոցացման համաձայնագրի շրջանակներում որոշակի քվոտաների հնարավորություն ասոցացման անդամ երկրներին, այդ թվում՝ անդամակցության դեպքում Հայաստանին նույնպես տրվելու էր, այսպես ասած` Եվրամիությունը պարտավոր էր ասոցացված երկրներից որոշակի ապրանք արտահանել եւ որոշակի շուկաներ գտնել, սակայն, հաշվի առնելով մեր արտադրանքի որակը, արտադրանքի առանձնահատկությունները, այո՛, այսօր մենք Եվրամիության եւ մասնավորապես մթերքների ստանդարտներին  համարժեք արտադրանք, իհարկե, չենք կարող տալ: Այստեղ նաեւ շատ կարեւոր է մասշտաբի էֆեկտը. մեր տնտեսության ծավալները այնքան փոքր են, որ այսօր մենք մեր խանութներում տեսնում ենք իսպանական գինիներ, որոնք հայկական գինիներից էժան են եւ հնարավոր է՝ որակով չզիջեն: Խնդիրն ինչ է՝ եթե մենք կարողանում ենք տարեկան արտադրել մի քանի միլիոն շիշ, նրանք շաբաթական այդքան միայն արտահանում են»:

Այսինքն` ըստ պարոն Առաքելյանի՝ նման արտադրության ծավալներով ծախսերը բավականին կրճատվում են, եւ կարողանում են ամբողջ աշխարհին նման էժան արտադրանք տալ: «Այո՛, մեր ծավալները հաշվի առնելով, մենք չենք կարողանում տալ արտադրանք, որպեսզի կարողանանք արտահանել: Այսօր նույնիսկ հայկական շուկայում նկատվում է ռուսական, բելառուսական կաթնամթերք: Պատկերացրեք` եթե մենք մեկ օրվա սպառվող ապրանքը չենք կարողանում հայկական շուկայում իրացնել, եւ դրսից ներմուծված ապրանքը կարողանում է մրցակցել հայկական կաթնամթերքի հետ, դա խոսում է մեր արտադրության ողբալի վիճակի մասին»: Տնտեսագետի խոսքով՝ մյուս կողմից՝ մեր բախտը, այսպես ասած, բերել է Ռուսաստանի շուկայի ցածր մակարդակի մասով. «Որովհետեւ եթե Ռուսաստանն իր պահանջներով կամ թեկուզ նույն բնակչության պահանջներով, սպասելիքներով նման լիներ գոնե Արեւելյան Եվրոպայի երկրներին, այդ դեպքում մենք նույնպես լուրջ խնդիրներ էինք ունենալու, որովհետեւ, կոպիտ ասած, այն փնթի տնտեսությունը, որն ունի Ռուսաստանը, այո՛, այնտեղ կարելի է ամեն ինչ վաճառել: Իսկ նորմալ պահանջներ ունենալու պարագայում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ: Այդ տեսանկյունից մեզ համար շատ կարեւոր է հենց Ռուսաստանի շուկայից օգտվել»:

Տնտեսագետի համոզմամբ՝ արտահանման գործոններից մեկը զբոսաշրջիկների կողմից գնվող ապրանքներն են. «Այսօր յուրաքանչյուր մարդ երբ գնում է ինչ-որ երկիր, վերջում այդ երկրից հայրենիք վերադառնալիս ինչ-որ մի բան գնում է: Վրաստանից մարդիկ իրենց վերջին լարիները տալիս` գինի են բերում, Միացյալ Նահանգներից iPhone են գնում, Եվրոպայից հագուստ կամ ինչ-որ օծանելիք են գնում եւ այլն. Հայաստանը չունի որեւիցե արտադրանք, որը նույնիսկ զբոսաշրջիկը իր վերջին մի քանի եվրոն տա` Հայաստանից ինչ-որ ապրանք տանի: Այսինքն` դա նույնպես երկրի` աշխարհին ներկայանալի լինելու կարեւորագույն ցուցիչներից մեկն է: Հայաստանում զբոսաշրջիկը կարող է վերջում ընդամենը մեկ երկու հարյուր դոլարով երկու շիշ կոնյակ տանել»: Ըստ նրա՝ օրինակ` ռուս զբոսաշրջիկների մասով մեր երկրում ակտիվություն կա, բայց միեւնույն է՝ մենք չունենք այնպիսի ապրանք, որը նրանք գնալիս հազար դոլար ծախսեն եւ այն գնեն ու իրենց հետ տեղափոխեն, ինչի պարագայում արտահանման ծավալները կաճեին:

Այսինքն՝ ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ մենք առաջին հերթին պետք է ունենանք այնպիսի տնտեսություն, որը հետաքրքրի աշխարհին. «Որովհետեւ տնտեսական միությունների կարեւորագույն գործոնը արտահանումն է: Եթե մենք չունենք արտահանում՝ անդամակցում ենք Եվրոպական միությանը, ԵԱՏՄ-ին կամ այլ միություններին, դրանից ոչ մի բան չի փոխվելու, իսկ Ռուսաստանի շուկան՝ մասնավորապես հարավային հատվածը, որտեղ նաեւ հայկական գործոնն է բավականին ակտիվ, այդ շուկայում ունենալ ակտիվություն՝ բավականին հեշտ է, եւ իշխանությունների ամենամեծ սխալը Եվրասիական տնտեսական միության նաեւ մեր` անդամակցության պայմանագրով նախատեսված մեր իրավունքներն են, որից մենք չենք օգտվում, այսինքն` պետք է պարտադրվի, որ ռուսական շուկան մեզ համար լինի հասանելի՝ այնպես, ինչպես հասանելի է հայկական շուկան»: Իհարկե, ըստ մեր զրուցակցի, այստեղ կա նաեւ առանձնահատկություն. «Աշխարհում չկա մի երկիր, որն անդամակցում է տնտեսական մի միությանը` չունենալով այդ միության հետ սահման: Այսինքն` դա տնտեսության ինտեգրման մեջ, այսպես ասած, չգրված օրենք է, որովհետեւ առանց ընդհանուր սահմանի այդ երկիրն ունենում է այնպիսի լուրջ խոչընդոտներ, որոնք որեւէ կերպ հնարավոր չէ կարգավորել: Այսինքն` ակնհայտ է, որ Վրաստանի տարածքի միջոցով դուրս գալ միության շուկա, միշտ մենք ունենալու ենք խնդիրներ: Ցանկացած պարագայում՝ Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքը փոխվի, մեր իշխանությունները փոխվեն, Ռուսաստանի հետ տնտեսությունը զարգանա, մենք զարգանանք, միեւնույն է, ցանկացած պարագայում Վրաստանի տարածքը, առավել եւս՝ տնտեսական հակառակ ուղղվածությունը, ինքը լուրջ խոչընդոտ է, եւ չեմ բացառում, որ առաջիկայում այդ խոչընդոտները կարող են ավելանալ, որովհետեւ Վրաստանը բավականին արագ տեմպերով գնում է դեպի Եվրամիություն: Այդ մարդիկ ունեն նպատակ, երազանք՝ դառնալ Եվրամիության անդամ: Այսինքն` պատկերացնենք, որ 20-30 տարի հետո Վրաստանը դառնում է Եվրամիության անդամ, եւ մենք Ռուսաստան ամեն անգամ գնում ենք Եվրամիության տարածքով: Սա բերելու է հավելյալ խոչընդոտներ, հավելյալ վճարներ, որքան էլ որ միջազգային պայմանագրերով պետք է այդ խոչընդոտները լինեն նվազագույնը, բայց միեւնույն է՝ միանշանակ Բելառուսը դեպի Ռուսաստան ապրանքներն արտահանելիս շատ ավելի հանգիստ վիճակում է գտնվելու, քան մենք Վրաստանի միջոցով Ռուսաստան գնալիս»:

 ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031