Լրահոս
Օրվա լրահոսը

«Էյր Արմենիայի» բորտուղեկցորդուհիների գործով

Հոկտեմբեր 07,2017 16:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում էր գտնվում «Էյր Արմենիայի» սնանկության վերաբերյալ գործը:

Երկու տարի առաջ նոյեմբերի 2-ին ընկերությունը ճանաչվել է սնանկ, եւ կառավարիչ էր նշանակվել Կարեն Ասատրյանը: Ընկերության աշխատանքների դադարեցման հետեւանքով աշխատանքից ազատվել էին տասնյակ աշխատակիցներ, չէր տրվել նրանց աշխատավարձն ու վերջնական գումարը:

Ընկերության 17 բորտուղեկցորդուհիների ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ելենա Կասպարովան (նկարում): Վերջինս երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իր վստահորդների անունից սնանկության գործով դիմել է դատարան, իսկ սնանկության գործով կառավարիչը չի առարկել:

Ըստ փաստաբանի՝ ընկերության նախկին աշխատակիցները օրեր առաջ՝ սեպտեմբերի 26-ին ստացել են իրենց գումարների 52 տոկոսը:

Ի դեպ, աշխատակիցների մեջ կային այնպիսիները, ովքեր «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունից էին եկել «Արմավիա» ՓԲԸ, որտեղ մի անգամ տուժել էին, երբ «Արմավիա» ընկերությունը հայտնվել էր սնանկների նստարանին:

Ավագ բորտուղեկցորդուհիներից մեկին աշխատանքից ազատել էին դեռ երեք տարի առաջ: Ըստ դատարան ներկայացված դիմումի, գործատուն չէր վճարել ինչպես աշխատավարձը, այնպես էլ վերջնահաշվարկի գումարը, որը կազմել էր մոտ 300 000 դրամ: Մինչդեռ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում է եւ վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

Մինչդեռ, գործատուն տվյալ օրինակով իր աշխատակցին չէր վճարել երեք տարի:
Բորտուղեկցորդուհիներից մեկն էլ չէր ստացել իր 1 միլիոնից ավելի դրամը: Նա դիմել էր դատարան, որպեսզի իր հերթը տեղափոխվի «առաջ», ըստ իրավական ձեւակերպման՝ Ը պահանջը տեղափոխվի Գ հերթի տակ:

Ըստ փաստաբան Ե. Կասպարովայի դիմումների. «Քանի որ առկա է հստակ մտավախություն, որ սնանկ ճանաչված ընկերության ակտիվների օտարումից հետո Ը հերթի տակ գրանցված պահանջատերերը հնարավոր է՝ չստանան գումարները, ինչի արդյունքում ավելի կխախտվեն արդեն իսկ խախտված պահանջատերերի իրավունքները», ուստի խնդրել էր պահանջատեր վստահորդի գումարի պահանջի Ը հերթը տեղափոխել Գ հերթի տակ:

Դատարանը բավարարել էր այս դիմումը նույնպես, ինչին կառավարիչը չէր առարկել:
Նկատենք, որ ընկերության աշխատակիցներին չվճարած գումարները տարբեր էին՝ երեք հարյուր հազար դրամից մինչեւ մեկ միլիոն դրամի չափով:

«Առավոտի» տեղեկություններով՝ «Էյր Արմենիա» ընկերությունը վաճառում է իր գույքը աճուրդով, որպեսզի մնացած աշխատակիցների գումարները վճարի:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031