Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք օր առաջ հրապարակել է «աշխատանքից ազատման հրամանի եւ հիմքերի տրամադրման պարտավորեցման պահանջի մասին» Իտալիայի հյուպատոսի դեմ բերված հայցով վճիռը
Գյումրեցի ռեժիսոր Արման Մազմանյանի հայցը բավարարվեց: Նա որպես հյուպատոսարանի հյուպատոսական ծրագրերի համակարգող աշխատանքի է ընդունվել 2006-ի փետրվարի 1-ից: 2015թ. սեպտեմբերի վերջին նրան բանավոր տեղեկացրել են, որ աշխատանքից ազատված է: «27.11.2015թ. գրավոր դիմել եմ հյուպատոսին, խնդրել եմ տրամադրել աշխատանքից ազատման հրամանը, ինչպես նաեւ տեղեկություններ աշխատանքից ազատման հիմքերի եւ պատճառների վերաբերյալ: Սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել», – «Առավոտին» ասել էր Արման Մազմանյանը: Նա դիմել էր Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ խնդրելով տրամադրել այդ փաստաթղթերը: Դեսպանատնից Մազմանյանին պատասխանել էին, թե նշյալ հարցով կարող է պատասխանել միայն հյուպատոսարանը: Անցյալ տարվա հունիսի 27-ին Մազմանյանը նամակ էր ուղարկել Իտալիայի Հանրապետության նախագահին եւ արտաքին գործերի նախարարին, սակայն հայ աշխատակիցը այդպես էլ չէր ստացել իրեն աշխատանքից ազատելու հիմքերը:
Դատական գործընթացի ժամանակ ասուլիս էր հրավիրել Արման Մազմանյանը, իսկ հյուպատոսը հանդես էր եկել հայտարարությամբ:
9 դատական նիստ էր տեղի ունեցել:
Ռ. Մ.
«Առավոտ»
06.10.2017