Լրահոս
Օրվա լրահոսը

 «Աշխարհների կրպակ» ֆիլմը հաղթող է ճանաչվել «Սլավոնական համագործակցություն» երիտասարդական ճամբարում

Հոկտեմբեր 07,2017 14:00

 Հայկական ֆիլմն առաջին անգամ է մասնակցել ուսանողական կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին

Սոչիում 16 տարի է, ինչ գործում է «Սլավոնական համագործակցություն» երիտասարդական միջազգային ճամբարը, որի շրջանակներում անցկացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ մշակութային: «Առավոտին» հետաքրքրեց կինոռեժիսոր Մարիաննա Թովմասյանի՝ YouTube-ում տեղադրված «Աշխարհների կրպակ» ֆիլմը, որը հաղթող է ճանաչվել հիշյալ ճամբարի շրջանակներում անցկացված ուսանողական կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնում, ընդ որում՝ երկու անվանակարգում՝ «Լավագույն ֆիլմ» եւ «Լավագույն տղամարդ դերասան»:

Մեզ հետ զրույցում Մարիաննա Թովմասյանը հայտնեց, որ ֆիլմը նկարահանել է բրիտանացի գրող Ռոբերտ Շեկլիի համանուն պատմվածքի հիման վրա: Նրա ձեւակերպմամբ՝ «Փաստորեն, սեփականացրել եմ այս պատմվածքը՝ ֆանտաստիկ ժանրից վերածելով հոգեբանական դրամայի: Բայց, այդուհանդերձ, պահպանել եմ հեղինակի ֆանտաստիկայի լեյտմոտիվը»: Հետո էլ հավելեց. «Ֆինանսական դժվարություններն էին այդ քայլին դիմելու պատճառը: Չեմ ներկայացրել ատոմային զենքի պատճառով փլուզված աշխարհը, սակայն ֆիլմում այդ աշխարհը ներկայանում է մի ընտանիքի, մասնավորապես՝ ամուսնու հոգեվիճակով:

Կադրեր «Աշխարհների կրպակ» ֆիլմից:

Ըստ ֆիլմի, նույն հարկի տակ հինգ տարվա համատեղ կյանքից հետո ամուսինների հարաբերությունները սառչում են: Ամուսինը հանկարծ հայտնվում է «աշխարհի կրպակում» ու «տոմս գնում» ընդամենը մեկօրյա երջանիկ կյանքի համար: Արդյունքում՝ նա հայտնվում է իր ընտանիքում… Կարծում եմ՝ այս թեման արդիական եղել է եւ կմնա բոլոր ժամանակներում»:

Կինոռեժիսորը գովեստի խոսքեր հնչեցրեց իր թիմի՝ դերասաններ Ռոբերտ եւ Արման Վանեսքեհյանների, Քրիստինե Ռանեւսկայայի, Շուշաննա Զաքարյանի, օպերատոր Հրաչյա Հարությունյանի, մոնտաժող Արա Մկրտչյանի, զգեստների նկարիչ ու դիմահարդար Անահիտ Աղաջանյանի եւ իհարկե՝ կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Ռոնովի հասցեին: Հատուկ նշեց Արտո Թունջբոյաջյանի անունը, որը սիրահոժար սեփական ստեղծագործությունը տրամադրել էր ֆիլմին: Ասաց նաեւ, որ միջպետական համաձայնագրով պատրաստվում է մեկնել Բուլղարիա՝ ուսումը շարունակելու Սոֆիայի կինոյի եւ հեռուստատեսության ակադեմիայի մագիստրատուրայում:

Խնդրանքին՝ մանրամասն ներկայացնել «Սլավոնական համագործակցություն» կինոփառատոնը, արվեստագետն ասաց, որ ինքն անձամբ ներկա չի եղել այնտեղ եւ ֆիլմը ներկայացրել է գլխավոր դերակատար Ռոբերտ Վանեսքեհյանը: «Ես երկրորդ անգամ եմ լինում այդ ճամբարում եւ մասնագիտությունիցս ելնելով՝ ինձ հետաքրքրում էր իմ տարեկիցների ներկայացրած կինոարտադրանքը: Այս տարի ճամբարում էին կինոոլորտի ավելի քան 500 երիտասարդ կամ սկսնակ մասնագետներ՝ Ռուսաստանի 17 սուբյեկտներից եւ աշխարհի 25 երկրից: «Սլավոնական համագործակցություն» միջազգային երիտասարդական ճամբարի պատմության մեջ առաջին դեպքն էր, որ հայ կինոռեժիսորի ֆիլմը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում: Ասեմ նաեւ, որ մինչ այս տարի Հայաստանից ոչ մի երիտասարդ ստեղծագործող չի մասնակցել:

Մի կարեւոր փաստ եւս. ժյուրիի անդամների անունները չհրապարակվեցին: Ինչ վերաբերում է անցյալ տարի իմ այնտեղ գտնվելուն, ես դեռեւս ուսանում էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցում, եւ, կարճ ասած՝ ստացվեց այնպես, որ հայտնվեցի Սոչիի ճամբարում: Ամենակարեւորը՝ շնորհակալ եմ Մարիաննայից, որը վստահեց ինձ՝ ֆիլմը ներկայացնել փառատոնին: Հաճելի է ու պարզապես հեշտ աշխատանքը Մարիաննայի հետ, իսկ հայկական ֆիլմը այնպիսի ազդեցություն էր թողել, որ կարեւոր սեմինարների, կլոր սեղանների եւ այլ միջոցառումների ժամանակ անդրադարձ էր կատարվում մեր ֆիլմին»,- ասաց մեր զրուցակիցը: Կանխելով մեր հարցը, դերասանը հակիրճ ասաց նաեւ, որ ինքը դեռ նկարահանվում է սերիալներում, սակայն դա չի նշանակում, թե չունենք բարձրակարգ ու բարձրարվեստ կինոռեժիսորներ: Հույս հայտնեց, որ եթե ունեցել ենք հայկական ներկայանալի կինո, ուրեմն հույս կա, որ դեռ կունենանք: Երիտասարդները ցանկություն հայտնեցին, որ Հայաստանում ավելի շատ լինեն պրոդյուսերական կենտրոնները: Ինչ վերաբերում է Կինոգործիչների միությանը, եթե այն իսկապես արդյունավետ գործի, իրենք միայն ուրախ կլինեն:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

06.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031