Հաբեթասունկը կամ ինչպես հայտնի է՝ չագան, կեչու սունկը օգտագործվում է բժշկության մեջ: Այս սնկով պատրաստուկները օժտված են միզամուղ, սպազմոլիտիկ, ցավազրկող, հակամանրէային, լուծողական ազդեցությամբ: Չագան դանդաղեցնում է ուռուցքային բջիջների աճը եւ նորմալացնում է ստամոքս-աղիքային տրակտի գործունեությունը: Պատրաստուկները կիրառվում են ստամոքսի խոցային հիվանդության, անացիդ գաստրիտների՝ ցածր թթվայնության ստամոքսաբորբերի բուժման նպատակով: Լավացնում են օրգանիզմում նյութափոխանակային ընթացքը, կիրառվում են նորագոյացությունների բուժման համար: Ուռուցքի վրա չագան անմիջական ազդեցություն չունի՝ միայն դանդաղեցնում է աճը, սակայն լավացնում է ընդհանուր նյութափոխանակությունը, հիվանդի ինքնազգացողությունը եւ կյանքի որակը:
Ստամոքսի խոցային հիվանդության, գաստրիտների ժամանակ խորհուրդ է տրվում չագան թրջել եռացրած սառեցրած ջրում՝ 4-5 ժամ, այնուհետեւ մանրացնել քերիչով եւ ավելացնել տաք ջուր՝ 50 աստիճանից ոչ բարձր, 1:5 հարաբերությամբ՝ 10 գրամ չագային՝ 50 միլիլիտր ջուր, թողնել թրմվելու 48 ժամ, որից հետո քամել եւ ստացված ջրաթուրմին ավելացնել սկզբնական հեղուկը՝ որի մեջ թրջել էին սունկը: Պատրաստուկը կարելի է պահել սառը տեղում 3-4 օր: Ընդունել 1 բաժակ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:
Չագայի պատրաստուկներով բուժման ժամանակ խորհուրդ է տրվում կաթնաբուսական սննդակարգ: Բուժումն անցկացվում է կուրսերով՝ 3-5 ամսով, 7-10 օր ընդմիջումներով: Արտադրվում է չագայի բեֆունգին պատրաստուկը, որը կիրառվում է քրոնիկական ստամոքսաբորբերի, ստամոքս-աղիքային տրակտի ատոնիայի, ստամոքսի խոցային հիվանդության ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
06.10.2017