Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սենիկ Խուբեսարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ եվրոպական ավանդույթների, գաղափարների ներթափանցումը բացասաբար է ազդում մեր ազգային պարերի բեմադրման վրա։
«Եվրոպական մտածելակերպը խանգարում է, որ մեր հին ավանդույթների վրա նորը կառուցվի, փորձում ենք ընդօրինակել օտար ազգերինը։ Ես դեմ չեմ, թող զարգացումը լինի, բայց մեր հիմքի վրա պետք է լինի, ոչ թե մերն անտեսենք, մեր նիստուկացը, հարգանքը փոքրի, մեծի հանդեպ և ինչ-որ եվրոպական գաղափարներ մտցնենք»,-ասում է պարուսույցը։
Մեր ճշգրտող հարցին, թե դա ազդո՞ւմ է պարողների մտածելակերպի վրա, պարուսույցն ասաց․ «Բնականաբար, պարողն էլ այդ նույն երիտասարդն է, որը շփվում է և՛դպրոցում, և՛ ընտանիքում, համոզված եմ, որ ընտանիքներում կան տարեց, ավանդույթով մարդիկ, բայց, ինչպես գիտեք, շրջապատը շատ մեծ ազդեցություն է թողնում երեխաների վրա։ Այդ արժեքներն են պետք գնահատել, ես կուզենայի, որ ուսուցիչը թեկուզև մի հատ կարողանար ապտակել աշակերտին, դա դաստիարակչական և ծնողական ապտակ է։ Մենք այդպես ենք մեծացել»։
Սենիկ Խուբեսարյանը, որն իր պարային բեմադրություններում պահպանում է Գյումրվա ավանդույթները, շատ դեպքերում սաների հետ խոսում է մարդկային արժեքներից ու հենց Գյումրու ավանդույթներից։ «Ես չեմ ուզի, որ մեր երեխաները նպաստառուի հոգեբանությամբ մեծանան, դա Գյումրուն սազական չէ, գյումրեցին երբևիցե թույլ չի տվել և ցույց չի տվել, որ որևէ մեկը տեսնի, որ նրա պայմանները վատն են։ Նույնիսկ մեծերը պատմում են, որ գյումրեցիներն առավոտյան յուղ են քսել շուրթերի վրա, որպեսզի տեսնեն, թե խաշ են կերել։ Այ, ուզում եմ այդպես տեսնել»։
Սենիկ Խուբեսարյանը հիշում է, որ «Շիրակի էսքիզներ» փառատոնին, երբ պարել են «Մամ ջանը», «Սարդարապատ» պարային համույթի ղեկավար Մուրադ Հակոբյանն ասել է․ «Վերջապես Գյումրվա կոլորիտով պար տեսա, որին շատ էի սպասել»։
«Շատ կուզենամ, որ մեր պարերը լինեն այսօրվա կոլորիտով, իրականում ես ամեն օր փնտրում եմ Գյումրու կոլորիտը, բայց ցավոք սրտի, չգիտես ինչու, չեմ գտնում, միշտ տանում է դեպի այն օտարը, որը մեր Գյումրվան բնորոշ չէ», -մտահոգվում է Սենիկ Խուբեսարյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Սենիկ Խուբեսարյանի ֆեյսբուքյան էջից