ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ ամբողջ աշխարհում երեխաների 1/3-ն օգտվում է ինտերնետից, ինչը հուշում է, որ շատ կարևոր է երեխաների իրավունքների պաշտպանությունը նաև թվային միջավայրում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության համագործակցությամբ գործարկվել է երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կայք`children.ombuds.am:
Կայքի հիմնական նպատակն իրազեկվածության բարձրացումն է երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության իրավական հնարավորությունների վերաբերյալ։
Շնորհանդեսը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ «Երեխայի իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում» թեմայով քննարկման ընթացքում: Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության՝ Հայաստանում և Վրաստանում տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Նորաստեղծ կայքը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երեխաների իրավունքի պաշտպանության բաժնի պետ Էդուարդ Իսրայելյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ