Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁեւաՓոխի՛ր» բիզնես նախագծերի մրցույթի մասնակիցը դժգոհ է

Հոկտեմբեր 06,2017 19:00

«ՁեւաՓոխի՛ր» բիզնես նախագծերի մրցույթի մասնակից Հեղինե Սուքիասյանը դիմել է Aravot.am-ին` կասկած հայտնելով, որ մրցույթն ընթանում է ոչ թափանցիկ եւ անարդար: Մրցույթի նախաձեռնողը Հայաստանի զարգացման հիմնադրամն է: Հեղինե Սուքիասյանն իր նամակում նշել է, որ իր թիմի կողմից ներկայացրած ծրագիրը չի հավաքել բավականաչափ միավորներ հաջորդ փուլ անցնելու համար եւ, քանի որ առաջին փուլի ավարտին չեն հրապարակվել այն ծրագրերը, որոնք արժանացել են բարձր միավորների եւ ընտրվել, ապա մրցույթի անաչառության, անկողմնակալ լինելու հետ կապված մտավախություն կա: Մասնակիցը չի բացառում` իրենց կողմից ներկայացված գաղափարի գողացման հանգամանքը:
Aravot.am-ը Հեղինե Սուքիասյանի մտահոգությունների վերաբերյալ գրավոր հարցեր ուղղեց Հայաստանի զարգացման հիմնադրամին: Ներկայացնում ենք Aravot.am-ի հարցերին  «ՁեւաՓոխի՛ր» ծրագրի ղեկավար Մանե Ադամյանի գրավոր պատասխանները`

– Ինչո՞ւ առաջին փուլի ավարտին չեն հրապարակվել բարձր միավորների արժանացած ծրագրերը:

-Առաջին փուլում մասնակիցները ներկայացրել են ծրագրերը միայն գաղափարական մակարդակում։ Եթե մենք այս փուլում հայտարարենք բոլորին մյուս փուլ անցած գաղափարների մասին, որոնք շատ ավելի մանրամասն պիտի ներկայացվեն երկրորդ փուլում, ապա սա կարող է ազդել մրցույթի ընթացքի վրա նախ՝ որովհետեւ կան գաղափարներ, որոնք ունեն նման բաղադրիչներ, եւ մենք կկարողանանք դրանք համեմատել միայն մրցույթի երկրորդ փուլում, երկրորդը՝ որովհետեւ մասնակիցների գաղափարները կարող են օգտագործվել ուրիշների կողմից մինչեւ մյուս փուլի ավարտը։ Հետևապես՝ մենք այս կերպ պաշտպանում ենք մասնակիցներին եւ ապահովում մրցույթի անաչառ ընթացքը։

– Արդյոք մրցույթի պայմաններով նախատեսված է եղել առաջին փուլ անցած բիզնես նախագծերի հրապարակումը:

-Մրցույթի կանոններով առաջին փուլը հաղթահարած նախագծերի հրապարակում նախատեսված չի եղել։

– Խնդրում եմ ներկայացրեք հիմնավորումներ, որ մրցույթն ընթանում է անաչառ եւ թափանցիկ:

Մրցույթը ընթանում է անաչառ եւ թափանցիկ մի քանի հիմնական պատճառներով․

1) Հայտադիմումները ընդունվել են միայն էլեկտրոնային համակարգով, որտեղ ֆիքսված է մասնակիցների դիմելու օրը եւ ժամը։

2) Մեր գնահատող հանձնաժողովը կազմված է տարբեր միջազգային եւ պետական կառույցների ներկայացուցիչներից, մասնավորապես, հանձնաժողովում ընդգրկված են՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP),  Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU), Զբոսաշրջության պետական կոմիտեի եւ Հայաստանի զարգացման հիմնադրամի մեկական ներկայացուցիչներ՝ ամենաբարձր մակարդակով։

3) Հանձնաժողովի բոլոր անդամները ստորագրել են շահերի բախումը բացառող փաստաթուղթ, որով սահմանվում է, որ մասնակիցներից որեւէ մեկի հետ շահերի բախում ունենալու դեպքում նրանք կհայտարարեն այդ մասին եւ կհրաժարվեն գնահատել այդ ծրագիրը։ Նիստի ընթացքում արձանագրվել են նման դեպքեր եւ հանձնաժողովի տվյալ անդամը չի գնահատել այդ ծրագիրը։ Նիստի քարտուղարը արձանագրել է բոլոր նման դեպքերը։ Քանի որ գնահատումը արվել է միջին թվաբանականով, ապա չգնահատելու դեպքում տվյալ մասնակիցը չի տուժել։ Կից՝ տրամադրում ենք շահերի բախումը բացառող հայտարարագրի նմուշը։

4) Գնահատման համար մշակվել է համապատասխան գնահատման թերթիկ՝ մտքի եւ նորարարության, զբոսաշրջության զարգացման վրա ազդեցության, բիզնես տրամաբանության, ներդրումային պոտենցիալի եւ շարունակականության չափանիշների հիման վրա։ Ծրագրերը յուրաքանչյուր չափանիշով գնահատվել են 1-5 բալային սանդղակով, այնուհետեւ հաշվվել է ծրագրի ընդհանուր միավորների միջին թվաբանականը։

– Կարո՞ղ եք երաշխավորել, որ նմանատիպ ծրագիր չի լինի հաղթողը, եւ, եթե սա գաղափարի մրցույթ է, ինչպե՞ս եք ապահովելու օբյեկտիվությունը` թե նույն գաղափարի հիման վրա հատկապես` որ ծրագիրը պետք է հաղթող ճանաչվեր:

Մենք չենք կարող եւ չենք ցանկանում վերահսկել մարդկանց գաղափարները։ Մեր կողմից նշված մի շարք թիրախային գոտիներ ունեն իրենց առանձնահատկությունը․ օրինակ՝ լեռնային գոտում պիտի լինի լեռնային տուրիզմ։ Կարծում ենք, որ մասնակիցները դիմելիս պետք է հաշվի առնեին, որ կարող են լինել նմանություններ։ Ծրագրերի չափելիությունը ապահովելու նպատակով մենք ստանդարտ հայտադիմումի ձեւ ենք տրամադրել։ Գնահատման չափանիշները մշակել ենք  ծրագրի նպատակների հիման վրա, որոնք նշված են մրցույթի հայտարարության տեքստում։

Օրինակ՝ ծրագրի նպատակն է զարգացնել տուրիզմը, ուրեմն գնահատվել է ծրագրի ազդեցությունը տուրիզմի զարգացման վրա։
Այսպիսով, հետեւելով միջազգային լավագույն փորձին, մրցույթի հայտադիմումներն ընդունվել են առցանց, գնահատման հանձնաժողովը ձևավորվել է միջազգային անկախ կառույցների ներկայացուցիչներից, ովքեր ստորագրել են շահերի բախումը բացառող փաստաթուղթ։

Գնահատումը իրականացվել է 1-5 բալային սանդղակով՝ յուրաքանչյուր չափանիշի համար, այնուհետեւ միջինացվել են ծրագրի ընդհանուր միավորները։ Այսինքն՝ եթե հանձնաժողովի անդամներից որեւէ մեկն ունեցել է շահերի բախում մասնակիցներից որեւէ մեկի հետ, ապա այդ ծրագիրը չի գնահատել, եւ ծրագրի հավաքած միավորները բաժանվել են ոչ թե հանձնաժողովի 5 անդամների քանակի վրա, այլ գնահատած 4-ի։ Արդյունքում՝ լավագույն 20 ծրագրերն անցել են հաջորդ փուլ։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031