Այսօր ավարտվեց նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցության առաջադրումների ժամկետը: Հանրապետության 69 համայնքներում իշխող ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի ղեկավարի 40 թեկնածու: ՀՀԿ-ն համայնքի թեկնածու չի առաջադրել չորս համայնքում`Բյուրեղավան, Ջրվեժ, Ակունք եւ Ախուրյան: Այս բնակավայրերում ՀՀԿ-ն կսատարի կոալիցիոն ՀՅԴ-ի թեկնածուներին:
Ութ համայնքներում, իշխող ՀՀԿ-ն ոչ թեկնածուներ է առաջադրել, ոչ էլ կսատարի առաջադրված թեկնածուներին: Վարդենիս եւ Բերդ քաղաքներում, Ալագյազ, Ծաղկաշեն, Շիրակամուտ, Մեծավան, Գլաձոր, Աչաջուր համայնքներում կլինի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ազատ մրցակցություն: Այս համայնքներում ՀՀԿ-ականները նաեւ ՀՀԿ-ականների հետ կմրցեն: Ի դեպ, մի շարք համայնքներում ինքնաառաջադրված ՀՀԿ-ականները կմրցեն կուսակցության կողմից առաջադրված ՀՀԿ-ականների հետ: Առաջադրված թեկնածուները հիմնականում տվյալ համայնքների գործող ղեկավարներն են:
Բոլոր 69 համայնքներում ՀՀԿ-ն առաջադրել է ավագանու անդամի բազմաթիվ թեկնածուներ: Կուսակցությունում այս պահին դեռ վերլուծում են առաջադրումները:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդդիմադիր «Ելք»-ը բավական պասիվ մասնակցություն կունենա այս ընտրություններին: Իսկ «Ծառուկյան» դաշինքը վիճահարույց Արտաշատ համայնքում ի վերջո քաղաքապետի թեկնածու չառաջադրեց:
Ի դեպ, տեղական ինքնակառավարման այս ընտրությունները կդիտարկի մեկ կազմակերպություն`«Միացյալ առաջնորդների պալատը», 102 դիտորդով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ