«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց նաեւ Արման Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ(ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Արման Հովսեփյանը դատարանին հայտնեց, որ ավտովարձույթի տնօրեն է: Իսկ ամբաստանյալներին առնչվող մեղադրանքների մասին էլ ուսերը թափ տալով ասաց՝ «տեղյակ չեմ…»:
Հարցաքննությունից պարզ դարձավ միայն այն, որ այս վկան վարձով ավտոմեքենա էր տվել ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանին, իսկ թե նրան առաջադրված մեղադրանքի հետ ինչ կապ ուներ, հարցական մնաց:
Մյուս վկան Մարիամ Սարգսյանն էր, որը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանին նախ ասաց՝ իր՝ դատարան կանչվելու պատճառն այդպես էլ չի հասկացել: Սարգսյանը հայտնեց, որ ինքն ընդամենը մոտ երեք տարի առաջ բաժանորդագրվել է «Նախախորհրդարան» ընդդիմադիր կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ նորություններ ստանալու նպատակով, ընդ որում, դա նրան պետք էր համալսարանում քաղաքագիտական վերլուծություններ անելու առաջադրանքի համար: Վկայի խոսքով՝ բուհն ավարտելուն պես նա դադարեցրել է բաժանորդագրությունը:
Վկաների հարցաքննությունն այսքանով ավարտվեց: Եվս մի քանի վկայի հաջորդ նիստում բերման ենթարկելու որոշում կայացվեց, քանի որ նրանք ծանուցվել են, բայց չեն ներկայացել:
Հաջորդ նիստը տեղի կունենա մյուս ուրբաթ՝ 11 00-ին: Հիշեցնենք՝ այսօր արդեն երրորդ վկան էր հարցաքննվում, որի ասածները գործի մեղադրանքների հետ չէին առնչվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ