Աղասի Այվազյանի այրին` Գրետա Վերդիյանը, դիմել է տարբեր ատյանների՝ Աղասի Այվազյանի տուն-թանգարան ստեղծելու համար։ Նա պատրաստ է վաճառել նկարներից մի քանիսն ու այդ գումարով թանգարան հիմնել, որտեղ տեղ կգտնեն Այվազյանի արխիվը, գրադարանը, մյուս նկարները: Սակայն չկա որեւէ մեծահարուստ, որը պատրաստ լինի գնել հավաքածուն։
Տիկին Գրետան հույս ունի, որ հարցին լուծում կտան մշակույթի եւ քաղաքաշինության նախարարությունները: Նա հոկտեմբերի 6-ին հանդիպել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին:
Aravot.am-ը Գրետա Վերդիյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս անցավ հանդիպումը Արմեն Ամիրյանի հետ եւ արդյոք գտնվե՞ց որեւէ լուծում: «Հանդիպումը շատ լավ անցավ, ինձ շատ ջերմ ընդունեց նախարարը, զրուցեցինք, ասաց, որ կզբաղվի, բայց այդքան էլ հույս չունի, թե տարածք կգտնվի: Ասաց նաեւ, որ կաշխատի, կուսումնասիրի, անուններ տվեց, ում հետ որ պետք է խոսի: Դեռ մեխանիզմ պետք է գտնի խնդրին լուծում տալու համար»,-ասաց Աղասի Այվազյանի այրին:
Նրան խնդրեցինք հիշեցնել, թե ավելի վաղ ինչ անհատների ու կառույցների է դիմել: «Շատերին եմ դիմել, համարյա բոլոր չինովնիկներին` սկսած Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից, ավարտած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանով: Պետգույքի կառավարման վարչությունից ասել են, որ տարածք չունեն, քաղաքապետարան էլ եմ դիմել, ասել են տարածք չկա, նախագահին դիմել եմ, էլի նամակը գնացել է քաղաքապետարան, ու քաղաքապետարանից անընդհատ նույն բանն են ասում, որ տարածք չկա, արդեն զզվում են ինձանից: Ում էլ նամակ եմ գրում, էլի գալիս է քաղաքապետարան: Օլիգարխների հետ հնարավոր չէ կապվել, ինտերնետով մեկ-մեկ գրում եմ, չեն պատասխանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գրետա Վերդիյանի ֆեյսբուքյան էջից
Բայց արդյո՞ք պետք է: Տաղնդ ունի այվազյանը, բայց մեծություն չես կարող համարել: