ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանին
Հարգելի պրն․ Դ․ Հարությունյան, Վ․ Քոչարյան․
«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծն արդեն ՀՀ արդարադատության նախարարության կայքում է և լայնորեն քննարկվում է հանրային տարբեր խմբերի կողմից։ Հաշվի առնելով նախորդ տարվա անհաջող նախադեպը, երբ օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարության կայքում հայտնվելուց հետո անհարկի շահարկումների առիթ դարձավ ու հետադիմական հակաքարոզչության արդյունքում հանվեց կայքից, կարծում ենք, որ ճիշտ ժամանակն է, և անգամ անհետաձգելի է պետական մոտեցման հանրային ներկայացումն ու պետության իրազեկման գործառույթի անհապաղ իրականացումը։ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ այժմ ծավալված հակաքարոզչության ծիրում՝ հանրային իրազեկման գործողությունների անհրաժեշտությունն անհետաձգելի է։ Այդ տեսանկյունից ուզում ենք հիշեցնել, որ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ․Քոչարյանի հետ վերջին հանդիպմանը /20․09․2017/, վերջինիս կողմից ներկայացվեց նախարարության պատրաստակամությունը՝ իրազեկման միջոցառումների ծրագիր իրականացնելու վերաբերյալ։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան գտնում է, որ հանրային իրազեկման և «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրական ու ճշմարտացի տեղեկատվություն տալը բխում է պետության պարտավորություններից և այն հենց այս պահին պետք է անհապաղ իրագործել։ Հակառակ դեպքում հանրային տարբեր խմբերում տարածվում է տգետ ապատեղեկատվություն, ինչն առավել խոցելի է դարձնում օրենքի ընդունման հեռանկարը։
Ուստի, կոչ ենք անում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին հանդես գալ հանրային դիրքորոշմամբ և ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ մարդու իրավունքների պաշտպանության և այդ նպատակով անհրաժեշտ մեխանիզմների ներդրման տեսանկյունից։ Ինչպես նաև, հերքել այն բոլոր հանրային գիտակցության մեջ վախ և անվստահություն առաջացնող թեզերը, որոնք աղերսներ չունեն այս նախագծի հետ։
Հարգանքով՝
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
«Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
«Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ
«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
«Ագաթ» ՀԿ
«Ընտանիք և համայնք» ՀԿ
«Վորլդ Վիժն» Հայաստան ՀԿ
«Թուֆենկյան» հիմնադրամ
«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
Կոչը բաց է ՔՀԿ-ների և անհատների միանալու համար
հարող եք ուղարկել նամակ [email protected] հասցեին՝
«ՄԻԱՆՈՒՄ ԵՄ» վերտառությամբ։