Նոյեմբերի 5-ին Արտաշատ քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում «Ծառուկյան դաշինքը» թեկնածու չի առաջադրել: Հիշեցնենք՝ Արտաշատ քաղաքի ղեկավարի ընտրությունը խոստանում էր ինտրիգային եւ հետաքրքիր լինել, քանի որ սպասվում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ իր նախկին կուսակից ՀՀԿ-ականների ուժի ցուցադրություն:
Այն պահից, երբ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀԿ-ի ջրերը սկսեցին նույն առվով չհոսել, խոսակցություններ կային Արտաշատում, եւ Արարատի մարզում առհասարակ, Հովիկ Աբրահամյանի եւ այլ հեղինակավոր հանրապետականների, մասնավորաբար՝ Արայիկ եւ Արամայիս Գրիգորյանների միջեւ լուռ պայքարի մասին: Երկու կողմերն էլ ցանկանում էին ամրապնդել իրենց դիրքերը:
Հիշեցնենք, որ Արտաշատի նախկին քաղաքապետը՝ Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին (լուսանկարում) եւ Գագիկ Ծառուկյանի փեսան, այժմ պատգամավոր է «Ծառուկյան դաշինքով»:
Այսօր ավարտվում է նոյեմբերի 5-ին հանրապետության մարզերում կայանալիք ՏԻՄ ընտրությունների առաջադրումների ժամկետը: Հանրապետության մի շարք այլ քաղաքային եւ գյուղական համայնքներում «Ծառուկյան դաշինքն» առաջադրել է համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուներ: Համայնքի ղեկավարի համար «Ծառուկյան դաշինքը» թեկնածուներ է առաջադրել Գեղարքունիքի Մարտունի եւ Շողակաթ, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Ակունք, Ջրվեժ, Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Սիսիան քաղաքում, Վայոց ձորի Արենի համայնքներում: Այս համայնքները հիմնականում խոշորացված համայնքներ են եւ միավորում են 4-36 բնակավայրեր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ