Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական կոռուպցիոն գործարքը. «ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու». Գորգիսյան

Հոկտեմբեր 06,2017 15:40

Կառավարությունը քննարկում է աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու հարցը: Այս մասին տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հաստատեց ԱԺ-ում: Նա ասաց, որ եթե մարդիկ գնել են աջ ղեկով մեքենաներ, ժամանակ կտրամադրվի ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար:

Սա սոցցանցերում եւ հանրության շրջանում քննարկումների եւ դժգոհությունների ալիք է բարձրացրել: Շատ վարորդներ դժգոհում են, որ աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելով՝ մեքենան շարքից դուրս է գալու: Բացի այդ, աջակողմյան ղեկով որոշ մեքենաների դեպքում ղեկը տեղափոխելով էլ հարցը չի փակվում, առաջանալու է նաեւ հայելիները փոխելու խնդիր: Հայելին չի բացվում այն աստիճան, որ անհրաժեշտ տեսադաշտ ապահովի: Այսինքն, սա լուրջ ծախսերի առաջ է կանգնեցնելու:

Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ չի հավատում իշխանությունների բերած վիճակագրությանը, թե վթարների մեծ մասը լինում են աջ ղեկով մեքենաների հետ, հետեւաբար մարդկանց անվտանգության մասին մտածելով՝ արգելում են. «Ինձ պատահած վթարների մեջ աջ ղեկը չի եղել մեղավորը: Շատ վթարներ լինում են տաքսիստների հետ, բայց նրանք շատ են քշում, դա պետք է հաշվի առնել: Ես այստեղ տեսնում եմ հերթական կոռուպցիոն գործարքը, ՀՀԿ-ականներից ինչ-որ մեկը ցեխ է դրել՝ մեքենաների ղեկը աջից ձախ դարձնելու: Ուզում են մեկին լավություն անել: Ո՞նց եղավ տաքսիների դեղին համարների դեպքում, որոշեցին դեղին համարներ, հետո ասեցին՝ դե լավ, պետք չի: Որոշեցին, որ բոլոր մեքենաներում պետք է դրվի կրակմարիչներ, մարդիկ գնացին գնեցին, էդ մի պարտիան բերել էին, վերջացավ՝ ասեցին, չլինի էլ կլինի: Տաքսիների հաշվիչները դրեցին, երեւի էդ խմբաքանակը իրենց վրա էր մնացել, չէին կարողանում վաճառել, վերջացավ՝ ասեցին հա լավ, ոչինչ, չլինի էլ կլինի: Ես նմանատիպ գործարք էլ այս դեպքում եմ տեսնում: Միգուցե նախարարը կամ իր մերձավորներից մեկն ունի նման բիզնես, ուզում է անձնական բիզնեսը զարգացնել: Որովհետեւ որեւէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում»:

Ըստ պատգամավորի, չի կարելի ինչ-որ որոշում հորինել եւ քաղաքացիների գլխին անհամաչափ նոր բեռ դնել. «Հերթական որոշումն են ընդունելու, որից քաղաքացիները պիտի տուժեն, դա անթույլատրելի է»:

Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ ոստիկանությունից կվերցնի վթարների տվյալները եւ առաջիկայում կուսումնասիրի դրանց պատճառները, աջ ղեկով մեքենաների մասնակցությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031