ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամերիկայի Միացյալ Նահանգների «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ Մոնե Տեր-Գրիգորյանին:
Նախարարը ջերմորեն ողջունեց հյուրին և բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը, Արցախի և Հայաստանի դպրոցներին օգնելու, դպրոցական կահույքով ապահովելու ծրագիրը, իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում ներկայացուցչություն բացելու կապակցությամբ:
Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ և շնորհակալ այն ջանքերի, ժամանակի և աշխատանքի համար, որ դուք ներդնում եք և նպաստում Հայաստանի ու Արցախի կրթական ոլորտի պայմանների բարելավմանը, ժպիտ պարգևելով հեռավոր բնակավայրերի երեխաներին, նրանց համար դպրոց հաճախելը դարձնում հաճելի ու տրամադրող: Կարծում եմ` այսուհետ մենք կհամագործակցենք սահմանապահ բնակավայրերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակներում, և դուք Ձեր հերթին կօժանդակեք, որ մեր սահմաններն ամուր ու ապահով լինեն»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մոնե Տեր-Գրիգորյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը, նշեց, որ նախորդ տասնչորս տարիների ընթացքում «Հայ դպրոց» հիմնադրամն ընդլայնել է իր գործունեությունը շարունակական դրամահավաքների միջոցով: Հիմնադրամի նվիրատուների շնորհիվ մինչև օրս շուրջ 24.000 աշակերտ ունեցող 260 դպրոցներ և մանկապարտեզներ ստացել են նոր սեղաններ, աթոռներ, ուսուցիչների համար նախատեսված պարագաներ, գրատախտակներ, գրապահարաններ, համակարգչային սեղաններ, կախիչներ և այլ հիմնական դպրոցական պարագաներ: «Հայ դպրոց»-ը հաջողությամբ ավարտել է մի շարք ծրագրեր: Կահույքն արտադրել են Հայաստանում` ստեղծելով աշխատատեղեր և ռեսուրսներ տեղական բնակչության համար:
«Հայ դպրոց» հիմնադրամի նախագահը համագործակցելու պատրաստակամություն հայտնեց և նշեց, որ հիմնադրամն ակտիվորեն օգնելու է նաև սահմանապահ գյուղերի դպրոցներին՝ ստեղծելով պատշաճ, հարմարավետ ուսուցման միջավայր, դպրոցական գործընթացը դարձնելով ավելի արդյունավետ Հայաստանի և Արցախի երիտասարդ սերնդի համար:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ