Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ» կոչումն է շնորհել հունա-հռոմեական ըմբշամարտի 2017 թվականի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին, նավամոդելային սպորտի աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր Բաբկեն Շահազիզյանին և սամբոյի Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի արծաթե և բրոնզե բազմակի մեդալակիր Տիգրան Կիրակոսյանին:
Նախարարը շնորհավորել է մարզիկներին մարզական բարձր կոչմանն արժանանալու համար և շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրի պատիվը միջազգային մրցաշարերերում բարձր պահելու, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը հնչեցնելու և հայոց եռագույնը ծածանեցնելու համար: «Յուրաքանչյուրս մեր ոլորտում պարտավոր ենք ծառայել մեր հայրենիքին և աշխատել մեծ նվիրումով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»,- ասել է նախարարը:
Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին մշտապես իրենց կողքին լինելու և իրենց աշխատանքը գնահատելու համար:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն