«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր գործով ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ Պողոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, որը դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում եւս նման միջնորդություն էր ներկայացվել, որի մերժումից մինչ օրս Ներսես Պողոսյանը հացադուլ է անում:
Այնուհետեւ Արայիկ Պապիկյանը ներկայացրեց դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի ինքնաբացարկի միջնորդություն՝ պնդելով, որ դատավորն անաչառ չէ. «Ձեր համար ավանդույթ է մեր միջնորդությունները մերժելը: Դուք կանխակալ վերաբերմունք ունեք Ներսես Պողոսյանի հանդեպ: Հիմնավոր կասկածներ ունենք, որ դու չեք կարող հանդես հալ որպես օբյեկտիվ դատավոր»:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այս միջնորդությունն էլ մերժեց:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ(ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ