ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Բրիտանական խորհրդի (ԲԽ) տարածաշրջանային տնօրեն Շիլա Լումսդենին և ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին:
Նախարարը շնորհավորել է հյուրերին՝ Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ և նշել, որ խորհուրդը մեր երկրում ծավալում է կարևոր գործունեություն, որտեղ կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, ընդգծել է անգլերեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման գործընթացը և ուսուցման որակի ապահովմանն ուղղված Բրիտանական խորհրդի աջակցությունը:
Նախարար Լևոն Մկրտչյանը, ներկայացնելով ոլորտում ընթացող բարեփոխումները, անդրադարձել է օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման հայեցակարգերին, որոնք հիմա ամփոփման փուլում են: Նրա խոսքով, հայեցակարգերը նաև հնարավորություն կընձեռեն միջազգային կառույցների հետ առավել ճկուն համագործակցության համար՝ մասնավորապես լեզուների ուսուցման մեթոդաբանության, ուսուցիչների վերապատրաստման հարցերում:
Իր հերթին Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` անդրադարձել է Հայաստանում խորհրդի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի: Տիկին Լումսդենը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում իրականացվող ծրագրերին:
Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է նաև, որ կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության և Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 15-ամյակի կապակցությամբ ԲԽ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը պարգևատրվել է նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալով»:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն