Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Համապատասխան թեկնածուներ, որոնք շանսեր կունենան հաղթելու, այս պահին չունենք»

Հոկտեմբեր 06,2017 13:52

Նոյեմբերի 5-ին Հայաստանի տարբեր մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդդիմադիր «Ելք» դաշինքը ակտիվ մասնակցություն չի ունենա: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց դաշինքը ներկայացնող պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը: Այսօր, ի դեպ, ավարտվում է թեկնածուների առաջադրման ժամկետը: Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզի տարբեր համայնքներում: Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Արտաշատ, Գորիս քաղաքներում եւ Լոռու մարզի Շիրակամուտ համայնքում, նաեւ հերթական ընտրություններով տարբեր խոշոր քաղաքների ղեկավարների ընտրություններ կկայանան:

«Ելքը» ավագանու անդամի թեկնածուներ է առաջադրել մի քանի փոքր համայնքներում: Այս պասիվությունը Գեւորգ Գորգիսյանը բացատրում է այսպես. «Մենք չենք նախընտրել օլիմպիական սկզբունքը՝ մասնակցել ուղղակի մասնակցելու համար: Համապատասխան թեկնածուներ, որոնք շանսեր կունենան հաղթելու, այս պահին չունենք»:

Պարոն Գորգիսյանին հիշեցրինք, որ ձեւավորման ժամանակ դաշինքի ղեկավարները հայտարարում էին, որ «Ելքը» մասնակցելու է Հայաստանում կայանալիք բոլոր տեսակի ընտրություններին՝ ձգտելով հաղթանակներ ապահովել: Գեւորգ Գորգիսյանը նկատում է. «Հայտարարել ենք, որ բոլոր տեսակի ընտրություններին մասնակցելու ենք, եթե ունենանք թեկնածու, ոչ թե զուտ մասնակցության համար»:

Մեր զրուցակիցն ասում է, որ իրենք հիմա զբաղված են տարածքային կառույցների ուժեղացմամբ, մարդկանց ներգրավմամբ եւ առաջիկայում կայանալիք ընտրություններում, որտեղ ձեւավորված ուժեղ թիմ ունենան, այնտեղ էլ կմասնակցեն: «Մենք երբ Վանաձորում թեկնածու առաջադրեցինք՝ ունեինք ուժեղ թիմ եւ թեկնածու, Սիսիանում առաջադրեցինք՝ ունեինք, Կապանում ունեինք, մի խոսքով՝ հիմա նույն մոտեցումն է: Բոլոր այն տեղերում, որտեղ ունենք ուժեղ թիմ եւ թեկնածու, առաջադրել ենք»,- ասում է մեր զրուցակիցը:

Դիտարկմանն էլ՝ փաստորեն «Ելք» դաշինքում մարդկային ռեսուրսի խնդիր ունեն, հակադարձում է. «Ելքը» մարդկային ռեսուրսի խնդիր չունի: Քանի որ մենք գիտենք ընտրություններն ինչպես են տեղի ունենում, հատկապես համայնքի ղեկավարի, որոնք մի քիչ այդքան էլ քաղաքական չեն, ուստի ոչ քաղաքականին մի քիչ համարժեք թեկնածու պիտի ունենանք, որպեսզի կարողանանք դա քաղաքական դաշտ բերել, ինչպես Վանաձորի դեպքում արեցինք: Բայց այս պարագայում հարմար թեկնածուներ չունեինք»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նախկինում ունեցել են փորձեր եւ տարբեր թեկնածուների հետ բանակցությունները ի վերջո ավարտվել են ոչնչով, քանի որ նրանք տարբեր ճնշումների են ենթարկվել եւ մարդիկ, ովքեր սկզբից համաձայնվել էին «Ելքի» հետ համագործակցել, առաջադրումների ավարտից օրեր առաջ հրաժարվել են: «Մենք Հայաստանում ենք, ցավոք, այսպիսի խնդիրներ էլ կան ու նաեւ մարդիկ պիտի կարողանան համարձակություն դրսեւորեն, ինչ-ինչ խնդիրների դիմագրվեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031