Նորք Մարաշում 2015 թվականին վնասազերծված «զինված խմբի» գործով դատական նիստն այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց ամբաստանյալ Վահան Շիրխանյանի ու եւս մի քանի փաստաբանի բացակայության պատճառով: ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, առողջական խնդիրների պատճառով, ի վիճակի չի եղել դատարան գալ:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք, որ «զինված խմբի» ղեկավար Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել 2015թ. ապրիլից ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն ստեղծելու ու ղեկավարելու, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք է բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել:
Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանին, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին, Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Ավետիս Բարեյանին, Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Եղիազարյանին, Վահագն Սալնազարյանին, Արման Հայրապետյանին, Էդվարդ Ներսիսյանին, Հարություն Սարիբեկյանին, Արա Պողոսյանին, Տիգրան Բոյաջյանին, Գեւորգ Ջնդոյանին, Արկադի Մարդոյանին, Ասյա Մկրտչյանին, Մարինե Կաթանյանին, Նելլի Մինասյանին՝որպես հանցավոր համագործակցության խմբի անդամներ:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ