«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը եւս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանի ինքնաբացարկի միջնորդություն:
Փաստաբանն ընդգծեց, որ նախորդ նիստում Պետրոս Պետրոսյանը Ներսես Պողոսյանին դիմել է «արա»-ով եւ բղավելով՝ առանց ոտքի կանգնելու. «Այդ կերպ նա արտահայտեց անձնական հակակրանք իմ պաշտպանյալի հանդեպ եւ կասկածի տակ դրեց իր հետագա մասնակցությունն այս գործի քննությանը»:
Արայիկ Պապիկյանն ընդգծեց, որ Պետրոս Պետրոսյանը նախաքննության ընթացքում եւս աչքի է ընկել ոչ պարկեշտ եւ անհարգալից վերաբերմունքով, իսկ Պողոսյանին «արա»-ով դիմելու համար դատարանը նրա հանդեպ անհամաչափ սանկցիա է կիրառել՝ ընդամենը նախազգուշացում տալով:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց միջնորդությունը մերժել: Այսինքն, այս գործով որպես մեղադրող-դատախազ շարունակելու է հանդես գալ Պետրոս Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ(ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ