ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը չի բխում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության շահերից:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում նմանատիպ համաձայնագրի առկայությունը: Այդ համաձայնագրի կյանքի կոչումը հնարավորություն կտա Ռուսաստանին ՀՀ-ին ներքաշել իր շահերը սպասարկող գործընթացների և տարածաշրջանի պետությունների հետ ունեցած իր կոնֆլիկտների մեջ: Այս կերպ Ռուսաստանը նաև հնարավորություն է ստանում տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտի առաջացման դեպքում ռազմական գործողություններ սկսել ՀՀ տարածքից, ինչը ՀՀ-ի համար կարող է չափազանց վտանգավոր լինել` հաշվի առնելով ՀՀ շահերը տարածաշրջանում։
Այս համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս ՌԴ-ին գործուն ազդեցություն ունենալ ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների վրա։
Իսկ այն սին մոտեցումները, թե այս համաձայնագրով կչեզոքացվի ադրբեջանական ագրեսիան ՀՀ-ի դեմ, չի դիմանում որևէ քննության, քանզի ՀՀ-ն և ՌԴ-ն, որպես ՀԱՊԿ անդամ-երկրներ արդեն իսկ նման պարտավորություններ ունեն թե՛ միմյանց և թե՛ մյուս անդամ-պետությունների նկատմամբ, որի կենսագործումը, սակայն, մենք չենք տեսել, նույնիսկ այն ժամանակ, երբ Ադրբեջանի կողմից ծանր զրահատեխնիկայով խոցվել է ՀՀ պետական սահմանը: Ավելին՝ այսօր էլ Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին և Թուրքիայի ռուսական արտադրության վերջին սերնդի հարձակողական զինտեխնիկայով։
Ազատ դեմոկրատներ կուսակցությունն անընդունելի է համարում նաև ԱԺ օրակարգում գտնվող մեկ այլ համաձայնագիր, որը վերաբերում է ՌԴ-ից ՀՀ-ին մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության սահմանմանը («Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը):
Այս համաձայնագրով Ռուսաստանն օրենքի ուժով իրավունք է ստանում միջամտելու և վերահսկողություն սահմանելու այդ ռազմամթերքի աշխարհագրական տեղաբաշխման և կիրառելիության նկատմամբ։
Հաշվի առնելով այն, որ ՀՀ-ի և Արցախի անվտանգության համակարգը միասնական է, իսկ 2013 թվականից հետո ՌԴ-ից ձեռք բերված ռազմական տեխնիկայի մեջ կան ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովման համար առանցքային նշանակության զինատեսակներ, ապա նման համաձայնագրի առկայության պարագայում ՌԴ-ն կարող է օրենքի ուժով խոչընդոտել թե՛ դրանց աշխարհագրական տեղաշարժին և թե՛ նպատակային կիրառելիությանը։ Նման վերահսկողության առկայությունն էապես կարող է թուլացնել ՀՀ-ի և Արցախի անվտանգության ապահովումը։
Ազատ դեմոկրատներ կուսակցության գնահատմամբ, վերոնշյալ համաձայնագրերը սահմանափակում են ՀՀ-ի քաղաքական և ռազմական կարողությունների իրացումը։ Գաղտնիք չէ, որ գտնվելով անվտանգության առումով վտանգավոր և փխրուն տարածաշրջանում, ունենալով Ադրբեջանի նման անկանխատեսելի հակառակորդ, ՀՀ-ն պետք է փորձի գտնել այդ մարտահրավերները չեզոքացնելու ամենառացիոնալ ճանապարհը, որը, մեր համոզմամբ՝ ՀՀ քաղաքական և ռազմական կարողությունների իրացման դիվերսիֆիկացիան է։
Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն
06 Հոկտեմբերի, 2017թ.
Ք. Երևան