«Ադրբեջանական պատվիրակությունն, ընդհանուր առմամբ, ուղղակիորեն չէր խոսում ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող հարցերից, բացառությամբ «ներքին տեղահանվածների» մասին թեթև ակնարկի »,-Aravot.am-ի հետ զրույցում ամփոփելով Անդորրայում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, հայտնեց հայկական պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անդորրայում հոկտեմբերի 3-6-ն ընթանում էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը:
Վերջին օրը՝ «Կրթությունն իբրև կայունության և զարգացման երաշխիք» քննարկման ժամանակ, Արարատ Միրզոյանը, երբ անդրադարձել է Ադրբեջանում կրթության համակարգին, ադրբեջանական պատվիրակությունից, պատգամավորի խոսքով, բուռն կերպով արձագանքել են:
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ շեշտադրումներ է կատարել, պարոն Միրզոյանը նշեց, թե ընդգծել է, որ առհասարակ կրթությունն էական դեր պետք է խաղա երկխոսության, հանդուրժողականության, ներդաշնակ համակեցության կառուցման գործում, սակայն Ադրբեջանում կրթության համակարգի հնարավորությունները ծառայեցվում են ճիշտ հակառակ նպատակին՝ հայերի նկատմամբ ատելության քարոզին, քսենոֆոբիային և թշնամանքի սերմանմանը։
Արարատ Միրզոյանն օրինակներ է բերել ադրբեջանական ուսումնական ձեռնարկներից և մի մանկական թատրոնի տեքստից, մեջբերել մի քանի միջազգային զեկույցներ, որտեղ այդ փաստերը հստակ արձանագրվել են, օրինակ՝ Advisory Committee of the Framework Convention for the Protection of National Minorities-ի և European Commission against Racism and Intolerance-ի զեկույցները. «Կոչ եմ արել ադրբեջանցի խորհրդարանականներին դադարեցնել հայերի ինստիտուցիոնալիզացված դեմոնիզացիան և լծվել խաղաղության կառուցման գործին»։
Ադրբեջանցի պատվիրակներն այս ելույթն անպատասխան չեն թողել: Արարատ Միրզոյանը ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել նիստերի դահլիճում. «Ելույթս առաջացրեց ադրբեջանական պատվիրակության՝ վեհաժողովի քննարկումներին ոչ այնքան հարիր բուռն արձագանքը: Քանի որ ես չէի կարող նորից ելույթ ունենալ, մեր պատվիրակության անդամ Կարեն Բեքարյանը ստիպված եղավ մի նոր ելույթով նոր օրինակներ բերել ադրբեջանական քարոզչությունից և հավաստել, որ իմ նշած երևույթները լավ փաստագրված են և հրատարակված»։
Այնուհետև ադրբեջանցիները փորձել են նոր ելույթ գրանցել նախագահությունում, և նախագահությունն ի վերջո տեղի է տվել՝ նրանց հատկացնելով մեկ րոպե։ Արարատ Միրզոյանը շարունակեց. «Նրանց պատվիրակության ղեկավարն այդ մեկ րոպեի ընթացքում հարկ համարեց կոչ անել «չարատավորել իրենց նախագահի բարի անունը»։
Արարատ Միրզոյանի փոխանցմամբ՝ վերջում խոսել է նաև հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը և նշել, որ հայ պատվիրակի ելույթը հենց երկխոսության ճանապարհով և կնճռոտ խնդիրները քննարկելով՝ խաղաղության հասնելուն ուղղված քայլ էր, և որ այսուհետ ևս մեր պատվիրակությունը շարունակելու է այդ նպատակով և եղանակով քննարկել բոլոր հարցերը։
Մեր հարցին՝ լիագումար նիստին կամ նիստերից դուրս քննարկումների ժամանակ բարձրացրե՞լ է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերը, մասնավորապես այն, որ անգամ ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում են ադրբեջանական կողմից կրակոցներ հնչել, պարոն Միրզոյանը պատասխանեց. «Ոչ, առանց այդ էլ բավականին սուր մեղադրանքներ հնչեցրեցի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ