Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը միջնորդեց վերացնել «Սեֆիլյանի գործի» քննության տեսանկարահանման արգելքը

Հոկտեմբեր 06,2017 12:20

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով  դատավարությունը:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Դահլիճ են բերվել ամբաստանյալներից միայն Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Գալուստ Գրիգորյանն ու Հովհաննես Պետրոսյանը, որոնք, բացառությամբ Պետրոսյանի, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի, այն է՝ դատավորի գալուն պես ոտքի չկանգնելու համար արժանացան սանկցիայի՝ նախազգուշացման տեսքով:

Ամբաստանյալներ Գեւորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանն էլ հեռացված են նիստերի դահլիճից՝ նույն պատճառով:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրեց միջնորդություն՝ այս գործով լրատվամիջոցների կողմից տեսանկարահանման արգելքը  վերացնելու համար: Ըստ փաստաբանի՝ դատարանի այդ որոշումն ինքնախաբեություն է եւ արժեզրկում է արդարադատությունը. «Վկաներին անջատ լսելու հիմքով տեսանկարահանումն արգելելն անհիմն է եւ իրականում նպատակ է հետապնդում հանրությանը առավելագույնս հեռու պահել այն փաստից, որ ապօրինի քրեական գործ է հարուցված»:

Պողոսյանի մյուս պաշտպանը՝ Նինա Կարապետյանցն էլ հավելեց, որ եթե վկաները ցանկանան այլ վկաների հարցաքննությունը լսել, ապա դա կարող են անել ձայնագրության միջոցով, ուստի տեսագրությունն արգելելը տրամաբանական չէ:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ այն համարելով անհիմն եւ պնդելով, որ վկաներն իրենց հարցաքննությունից առաջ կիմանան մյուս վկաների տված ցուցմունքների մասին:

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց միջնորդությունը մերժել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031