ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց կանադահայ սոցիոլոգ-մանկավարժ, լրագրող Վարդի Դանիելյանին:
Ջերմորեն ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց հայապահպանությանն ուղղված նրա ակտիվ, նախաձեռնողական, ստեղծարար աշխատանքները, շնորհակալություն հայտնեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին մասնակցելու և նոր ինքնատիպ ու հետաքրքիր կրթական, մշակութային ծրագրեր կյանքի կոչելու պատրաստակամության համար: Նախարարը առանձնակի ջերմությամբ ողջունեց «Դու ինչ ես անում Արցախի համար» շարժմանը միանալու համար և նշեց. «Սիրելի՛ Վարդի, մեծ գնահատանքի է արժանի Ձեր սփյուռքագիտական աշխատությունները, այն բազմաթիվ գիտական, մանկավարժական հոդվածներն ու սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք բոլորը ծառայում են մեկ նպատակի՝ պահպանել ու զարգացնել հայի բացառիկ տեսակն ու հրաշագեղ մայրենին, ազգային մշակույթն ու ավանդույթները: Բայց Ձեր կայացրած սկզբունքային, ազնիվ ու օրինակելի որոշումն ուղղակի հիացրեց ինձ՝ հայրենադարձվել, հաստատվել Հայրենիքում և զբաղվել արևմտահայերենի ուսուցմամբ, որպեսզի Հայաստան տեղափոխված սիրիահայ երեխաները չմոռանան արևմտահայերենը»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վարդի Դանիելյանը ներկայացրեց Վահագն Գարագաշյանի գլխավորությամբ Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի պատվիրակության՝ Արցախ կատարած այցի մանրամասները. « Տպավորված եմ Արցախ աշխարհով, իսկ ամենից շատ՝ ժողովրդի ջերմությամբ: 28 հոգով եղանք Արցախում, 5 օր վայելեցինք այդ հրաշագեղ բնությունը. չեմ կարող նկարագրել հիացմունքս: Շրջեցինք Արցախի տեսարժան վայրերով, եղանք գյուղերում, Շուշիում, հանդիպեցինք սահմանները պաշտպանող զինվորներին: Փորձեցինք մի փոքր օգտակար լինել նրանց»:
Վարդի Դանիելյանը ներկայացրեց Սփյուռքում հայ երեխաների մեջ ազգային ինքնության կայծեր վառելուն, ազդակներ հաղորդելուն, հայի ոգին արթնացնելուն ուղղված իր նոր ծրագրերը, նշելով. «Պետք է ակտիվ և նախաձեռնող լինել, քայլ առնողը որոնում ու գտնում է խնդիրների լուծման ճանապարհը: Ես պետք է ազգագրություն դասավանդեմ, մեր տիեզերական պարը սովորեցնեմ, որի խորհուրդը հայի հոգու ու մարմնի ներդաշնակությունն է, ենթագիտակցությունից բխող մեր պարն ինքնաեկ է, արյան մեջ է, մեր շուրջպարերը միասնության խորհուրդն են կրում: Իսկ «Արի տուն» ծրագիրն ուղղակի աներևակայելի ազդեցություն է գործում մեր երեխաների վրա, երբ նոր են դասերը սկսվում, ես չեմ կարողանում նրանց դասարան տանել, ամեն անգամ դասն սկսելուց առաջ Հայաստանով գինովցած՝ նրանք խնդրում են «տասը վայրկյան Հայաստան, հետո միայն դաս» ու երգում են հայրենիքի երգերը, հետո ամեն մեկն իր երազանքն է ներկայացնում, թե ինչպես պետք է նպաստի Հայրենիքի հզորացմանը: Կրթությունը պետք է լինի մշակութային, ոգեղեն, ազգային»:
Քննարկվեցին կրթական խնդիրներին, հայադարձությանն ու հայրենադարձությանն առնչվող այլ հարցեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ