Վարչապետի ելույթը՝ Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը
Հոկտեմբերի 5-7-ը` Երևանում Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի բացմանը, ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Ուրախ եմ Հայաստանում ողջունել մեր հարգարժան հյուրերին և մաղթել բարեհաջող աշխատանք: Լինելով վարչապետ՝ մեր գործընկերների ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն հնարավորությունների վրա, որոնք ունի Հայաստանը: Կարծում եմ, այս հարթակում կարելի է քննարկել այդ խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաև հեռանկարները: Հայաստանը, լինելով ԵԱՏՄ երկիր, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր ընկերների համար և դիտվել ոչ միայն ներհայաստանյան շուկա, այլև հարթակ՝ մեր հարևան Իրանի հետ հարաբերությունների զարգացման համար:
Մոտ ժամանակներս կավարտենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման հարցերը և իրանական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք կբերենք սահմանին հատուկ ռեժիմով աշխատելու համար: Հայաստանն այսօր ունի GSP և GSP+ արտոնյալ ռեժիմ ԵՄ ու եվրոպական երկրների հետ աշխատելու համար:
Կարծում եմ, ճիշտ կլինի հնարավորության դեպքում քննարկել նաև այդ հնարավորությունները, մեր երկրների մասնակցությունն այդ աշխատանքներին:
Ինչ վերաբերում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովին, ցանկանում եմ ամրագրել բոլոր միջպետական մակարդակներում համագոյակցության բարձր մակարդակը: Միաժամանակ պետք է նշել, որ ներուժը դեռևս լիովին չի օգտագործվում: Բացի այդ, ներուժը շատ ավելին է, քան այսօր կա:
Մենք մեծ աճ ենք նկատում ԵԱՏՄ բոլոր երկրների հետ ապրանքաշրջանառության ոլորտում, այդ թվում ներմուծման, արտահանման, զբոսաշրջության ոլորտներում, ինչին նպաստել է նաև Ռուսաստանի քաղաքացիների՝ ներքին անձնագրերով Հայաստան այցելելը:
Կարծում եմ, քննարկման թեմաները բազմազան են: Բոլորին ցանկանում եմ մաղթել բարեհաջող աշխատանք և ցանկանում եմ, որ դուք զգաք համն ու բույրը մեր յուրօրինակ և ֆանտաստիկ երկրի:
Բոլորիդ մաղթում եմ բարձր տրամադրություն»: