ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, որոնք մեր հարկերի հաշվին 661.400 դրամ աշխատավարձ են ստանում, ժամանակ առ ժամանակ չափազանց անկանխատեսելի, ավելի ստույգ՝ ագրեսիվ վարք են դրսեւորում։
2015 թ. անգամ ԱԺ էթիկայի հանձնաժողովը խախտում համարեց Առաքել Մովսիսյանի արարքը։ Հիշեցնենք, վերջինս համացանցով սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխները, ովքեր հանդգնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։
Գլուխը կտրելը Ա. Մովսիսյանի զինանոցի միակ զենքը չէր. «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։
Ավելի վաղ լրագրողի ծնոտը պոկելու սպառնալիք էր հնչեցրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը։
Պակաս ագրեսիվ չէ նաեւ ՀՀԿ թույլ սեռը։ ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը 2016-ին սպառնացել էր հանել Ֆեյսբուք սոցցանցի մի օգտատիրոջ աչքերը, քանի որ վերջինիս գրառումը չէր հավանել. «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ!!!»։
Այն էմոցիոնալ շոկը, որն ապրում են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ցուցակներում հայտնված պատգամավորները՝ ընտրություններից առաջ, նրանց նախընտրական տագնապները, թույլ են տալիս հասկանալ նրանց ագրեսիայի, խոցելիության պատճառը։
Հետեւաբար, ժամանակին արված փորձերը՝ մշակել ԱԺ պատգամավորների վարքականոն, պարապ զբաղմունք է։ Բացարձակ միեւնույն է՝ ընտրակաշառքով, կեղծարարությամբ պատգամավոր դարձած այս մարդիկ միմյանց բարեւում են գլխարկները նրբագեղորեն բարձրացնելո՞վ, թե՞ ինչպես ընդունված է՝ ողջագուրվելով ու միմյանց համբուրելով։
Իհարկե, կարելի է ստեղծել վարքականոն, ուր սեւով սպիտակին գրված կլինի, որ չի կարելի մի պատգամավորին հարձակվել մեկ այլ պատգամավորի վրա՝ բռունցքներով, չի կարելի սպառնալ ջարդել լրագրողների ծնոտը կամ հանել աչքերը, որ չպետք է ուտել մարդու միս, այլ պետք է խմել այծի կաթ, որ քիթն ավելի ճիշտ է մաքրել ոչ թե մատով, այլ թաշկինակով, միմյանց մասին խոսելիս չասել «էն հայվանը» կամ «էն տավարը»։
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում