Չնայած սննդամթերքի որոշ տեսակների զգալի թանկացմանը, այնուհանդերձ վիճակագրական ծառայությունը սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ պարենային ապրանքների շուկայում գների նվազում է արձանագրել։ Դա պայմանավորված է հիմնականում մեկ¬երկու ապրանքախմբերի էժանացմամբ։ Խոսքը մասնավորապես մրգերի, շաքարի ու շաքարավազի մասին է. մրգերի գնանկումը, վիճծառայության դիտարկումներով, կազմել է 9,5 տոկոս, շաքարավազը էժանացել է 4,6 տոկոսով։
Մրգի շուկայում տեղի ունեցող դրսեւորումները կապված են ոչ այնքան առաջարկի կամ պահանջարկի փոփոխության, որքան սեզոնային գործոնների հետ։ Հակառակ դրան շաքարի եւ շաքարավազի գների նվազումը միջազգային շուկայի դրսեւորումների հետեւանք է։ Չնայած գնանկմանը, այդ ապրանքատեսակները շարունակում են ավելի թանկ լինել նախորդ տարվա համեմատությամբ։ Շաքարի եւ շաքարավազի գնաճը մեկ տարվա ընթացքում գնահատվում է 3,4 տոկոս։
Ի տարբերություն մրգերի, գնաճ է եղել բանջարեղենի շուկայում։ Ընդ որում, ինչպես օգոստոսի, այնպես էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Բանջարեղենի գները սեպտեմբերին բարձրացել են 8 տոկոսով։
Թանկացումը չի շրջանցել նաեւ յուղերի շուկան, որտեղ մեկ տարվա ընթացքում գները բարձրացել են 7,9 տոկոսով։ Սեպտեմբերին այստեղ արձանագրվել է 1,8 տոկոսանոց գնաճ՝ պայմանավորված հիմնականում կարագի գների բարձրացմամբ (մեկ ամսում թանկացել է 4,2 տոկոսով)։
Կարագի գների բարձրացումը շատ ավելին է մեկ տարվա ընթացքում։ Նաեւ դրանով պայմանավորված՝ վիճծառայությունը խուսափել է սպառողական գների հաշվետվության մեջ ներառել նաեւ այդ ցուցանիշը։
Ամեն դեպքում, տարբեր գնահատումներով, այդ ընթացքում կարագի գնաճը Հայաստանում եղել է առնվազն 40 տոկոս։ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դա պայմանավորում է միջազգային շուկայում տեղի ունեցող դրսեւորումներով։ Ավելին՝ հանձնաժողովի կարծիքով, Հայաստանում կարագի գնաճը նույնիսկ ավելի քիչ է, քան համաշխարհային շուկայում։
Թե ինչպես է դա հնարավոր եղել, հայտնի չէ։ Սովորաբար հակառակ երեւույթն է դրսեւորվել։ Չի կարող նույն կարագը դրսում կրկնակի թանկանալ, քան ներքին շուկայում։
Այստեղ խնդիր կա, որը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տիրույթում է։ Թեեւ այն կարծես այնքան էլ հակված չէ զբաղվել դրանով։
Սննդամթերքի շուկայում վերջին շրջանում ակտիվ գնաճային դրսեւորումներ են նկատվում մսամթերքի դեպքում։ Այդ երեւույթը արձանագրել է նաեւ վիճակագրական ծառայությունը։ Սակայն նրա դիտարկումներով, գնաճը բավական մեղմ է։ Ըստ այդմ, մսամթերքը սեպտեմբերին թանկացել է ընդամենը 0,3 տոկոսով։
Գնաճը իհարկե ավելի ակտիվ է եղել մեկ տարվա ընթացքում։ Նախորդ տարվա համեմատ մսամթերքի գների բարձրացումը գնահատվել է 6,6 տոկոս։
Դժվար է ասել, թե ինչպես է վիճծառայությունը հանգել այդպիսի եզրակացության, բայց փաստ է, որ մսամթերքի, հատկապես դրա առանձին տեսակների գնաճը շատ ավելին է։ Խոսքը մասնավորապես ոչխարի եւ խոզի մսի թանկացումների մասին է։ Թեեւ քիչ չէ նաեւ տավարի մսի գնաճը։
Ս. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում